ՀՊՏՀ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հուշագիր կնքեցին. հեռանկարում՝ հետազոտական և ուսումնական համագործակցությունն է
ՀՊՏՀ-ն իր արդիականացման և զարգացման ծրագրերի ուղեծրում ընդլայնում է գործընկերների շարքը՝ որոնելով գիտահետազոտական և ուսումնական արդյունավետ փոխգործակցություններ։ Այսօր մեր բուհը համագործակցության հուշագիր կնքեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA) հետ: Ռեկտոր Դիանա Գալոյանն իր աշխատասենյակում ընդունեց գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին և «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանին։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, կենտրոնի ավագ հետազոտող Ալբերտ Հայրապետյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ռուբեն Ղանթարչյանը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ամփոփ խոսեցին իրենց գործունեության մասին՝ ընդգծելով հետևյալ 3 ոլորտներում իրականացվող աշխատանքը՝ վերարտադրողական առողջություն և իրավունքներ, բնակչության և զարգացման ռազմավարություններ, գենդերային հավասարություն: Նրանք նշեցին, որ հետպատերազմյան շրջանում հետազոտությունների կատարման հրատապ անհրաժեշտություն կա և ցանկություն հայտնեցին ՀՊՏՀ-ի հետ համատեղ ժողովրդագրական հիմնախնդիրների շուրջ ծավալուն հետազոտություն իրականացնելու, որի արդյունքը նախատեսվում է ներկայացնել ՀՀ Կառավարության ուշադրությանը։
Դիանա Գալոյանն ասաց, որ ինքը ևս մտահոգված է երկրի ժողովրդագրական հիմնախնդիրներով, հատկապես՝ վերջին իրողություններից հետո և հավանություն տվեց համատեղ հետազոտական աշխատանքների առաջարկին։ Նա նշեց, որ ի դեմս «Ամբերդ» կենտրոնի՝ բուհն ունի հետազոտական մեծ ռեսուրս, երիտասարդ ու մրցունակ թիմ, և հետազոտական արդյունքներն օգտագործվում են նաև կրթական գործընթացներում։ Ուրվագծելով առաջիկա անելիքները՝ ռեկտորն ասաց, որ պետք է տարեվերջին հետազոտության արդյունքն արդեն շոշափել։
Հուշագիրը ստորագրեցին Դիանա Գալոյանը և Ծովինար Հարությունյանը։
Քննարկվեցին նաև ժողովրդագրական հարցերին առնչվող ուսումնական ծրագրերի համատեղ կազմման ու իրականացման հնարավորությունները։ Կողմերն արդյունավետ աշխատանքի պատրաստակամություն և հույս հայտնեցին։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին