Իրենց սերն առ հայրենիք բյուրեղացրին անմար փառքով. ՀՊՏՀ-ական Նարեկը առաջնագծի կամավոր էր

13.01.2021
Դիտումների քանակ՝ 1750

Թե′ պատերազմի օրերին, թե′ հետպատերազմական շրջանում, շարունակում ենք հիանալ մեր ազգանվեր տղաների սխրանքներով: Եվ անկախ ամեն ինչից, մեզ համար ողջ են բոլորը... Նրանք այնքա′ն լիքն են հայրենիքով, անտակ հայրենի′ք են…

Այսօր պատիվ ունենք ներկայացնելու ՀՊՏՀ սան, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2018թ. շրջանավարտ (մասնագիտությունը` բիզնեսի կազմակերպում) Նարեկ Արթուրի Բաբայանին, ով առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր: Նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից մեր քաջարի մարտիկից լուր չկար, ավա᷉ղ, հունվարի սկզբին պատերազմի դաշտից գտել են նրա մարմինը…

Հերոսի մասին մեզ պատմեց համակուրսեցի Էլիզա Բարսեղյանը:

«Հանգիստ ու հավասարակշռված, խելացի տղա էր Նարեկը: Բարի, ընկերասեր ու կյանքով լի երիտասարդ էր, լայնախոհ էր ու ինքնատիպ մտածողություն ուներ: Սիրում էր իր մասնագիտությունը, որպես մարքեթինգի մասնագետ աշխատում էր «Զիգզագ» ընկերությունում, բայց ամենից շատ նա սիրում էր հայրենիքը, որի համար և կյանքը տվեց»,-նշեց Էլիզան:

Երևանում ծնված ու հասակ առած հերոս Նարեկը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել էր ամենաթեժ կետեր` Հադրութ, այնուհետև Մեխակավան (Ջեբրաիլ): Նա կռվել է անմնացորդ նվիրումով` հայրենիքի սերը սրտում փայփայած:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանատի աշխատակիցներն էլ Նարեկի մասին միայն բարին են հիշում, ամենաջերմ բառերով են բնութագրում նրան: «Երիտասարդ, որից լույս էր ճառագում»,-ասացին մեր գործընկերները:

ՀՊՏՀ-ն հպարտ է իր սաներով, որոնք իրենց սերն առ հայրենիք բյուրեղացրին անմար փառքով: Գլուխ ենք խոնարհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին