Մատաղիսի Տիկոն. ՀՊՏՀ-ական Տիգրան Մելքոնյանը մարտիրոսվեց` դառնալով աներևակայելի քաջության ու հերոսության խորհրդանիշ
Պատերազմում ազնվական հայորդու և հայրենապաշտ զինվորի մի կենդանի պատմություն հյուսեց ավագ սերժանտ, 20-ամյա Տիգրան Մելքոնյանը` ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսի (մասնագիտությունը` վիճակագրություն) ուսանողը: Առաջին կիսամյակի ավարտից հետո` 2019թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում, այստեղ էլ մասնակից է դարձել դաժան պատերազմին` մինչև վերջին վայրկյանը կռվելով աննկուն մարտիկի պես: Տիգրանը ծնվել ու դաստիարակվել է զինվորականի ընտանիքում, մայոր Վահան Մելքոնյանի որդին է:
Տիգրանը դիրքի ավագ է եղել, հրամանատարները խելացի ու հաղթանդամ տղային վստահում էին առաջնագծի անգամ ամենաբարդ խնդիրների լուծման գործը:
Ոգու արիության, հոգատարության, ընկերասիրության համար ծառայակիցները նրան Մատաղիսի Տիկո էին ասում, անուն, որը հայտնի ու սիրելի էր թե′ զինվորներին, թե′ սպաներին:
Ինչպես asue.am-ի հետ զրույցում նշեց Տիգրանի մայրը` Նարինե Գալստյանը, որդին տղամարդկային ընդգծված բնավորության գծեր ուներ` դիմացկուն էր, ուժեղ, չտրտնջացող, միշտ ամեն ինչ լավ էր ներկայացնում, իրեն վստահված գործը կոկիկ ու անթերի էր կատարում: Տուն զանգելիս միշտ խրոխտ ձայնով ասել է, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր ու դժվարություն չկա, թեպետ ծնողների համար հասկանալի էր, որ առաջնագծում ծառայությունն ինքնին բարդ է:
Տիգրանը ծառայակիցների հետ սեպտեմբերի 25-ին բարձրացել է դիրքեր, առավոտյան դիրքի ուղղությամբ թշնամին անօդաչու թռչող սարքերով, տանկերով ու հրետանիով գրոհ է սկսել: Ինչպես մարտական ընկերներն են պատմում` նա ընկերներին իջեցրել է դիրքերից, ինքը 6 սպաների հետ շարունակել է մարտ մղել մինչև կյանքի վերջին վայրկյանը, նահանջի հրամանն անտեսել է ու սպաներին ասել. «Ոչ մի նահանջ, դուխով կռվեք», ապա հրամանատարին «ռացիայով» հաղորդել է, որ եթե հեռվից տեսնեն` թշնամին իրեն գերի է վերցրել, թող մեջքից կրակեն… Իրավամբ, միայն անվախ ու ազնվական հայը կարող էր ընտրել գիտակցված մահը…
Տիկին Նարինեն նշեց, որ որդին անընդհատ իրեն հպարտանալու առիթներ էր ընձեռում. «Ծառայության ընթացքում Տիգրանս գնացել էր Մարտակերտ` սերժանտական դասերի և այնտեղից վերադարձել էր արդեն ավագ սերժանտի կոչումով. մեզ հետո ասաց այդ մասին, ուզում էր անակնկալ մատուցել: Իսկ հուլիսին զորամասի հրամանատարներից մենք շնորհակալական նամակ ստացանք` հայրենասեր ու կարգապահ որդի դաստիարակելու համար… »:
63 օր, 63 անքուն գիշեր Տիգրանի մայրը հույսով սպասել է զավակին` չիմանալով, որ նա հենց պատերազմի առաջին օրն իր անունը ոսկե տառերով է գրել հայ ժողովրդի մերօրյա պատմության մեջ` միանալով հանուն հայրենիքի կյանք տված անմահ հերոսներին:
Միայն հրադադարի հաստատումից հետո է հնարավոր եղել դուրս բերել Տիգրան Մելքոնյանի մարմինը…
asue.am-ի հետ զրույցի ավարտին տիկին Նարինեն ասաց. «Սիրուն է չէ՞ իմ տղան` բոյով, հմայիչ, առնական… »: Այո, Տիգրանը, Եռաբլուրում ննջած մեր բոլոր տղաների պես կենդանի դյուցազուն է, նա ապրում է մեզ հետ, մեր կողքին, և մայրը շարունակելու է հպարտանալ իր զավակով, ինչպես միշտ…
Հավերժ փա′ռք ու խոնարհում հանուն հայրենիքի մարտիրոսված մեր Տիգրանին, ՀՊՏՀ հավե′րժ ուսանողին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին