ՀՊՏՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. հյուրը «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանն էր

Դիտումների քանակ՝ 3191

Օրվա նվերը՝ գիրք, օրվա հերոսը՝ Հովհաննես Թումանյան: Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օր է, որը 2008 թ. սկսած՝ Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:

Ամեն տարի ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը գրքատոնին համախմբում է ՀՊՏՀ ընթերցասերներին, գրքի ու ընթերցանության դերը նշանավորում տարատեսակ միջոցառումներով: Այս առիթով այսօր ՀՊՏՀ գրադարանի Մուշեղ Ադոնցի անվան ընթերցասրահում հյուրընկալվել էր «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ, բիզնես խորհրդատու, քոուչ Սամվել Գևորգյանը: Միջոցառման հրավերին արձագանքել և ՀՊՏՀ էր այցելել նաև գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ ու ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ Դիանա Գալոյանը շնորհավորեց գրքասերների տոնը, կարևորեց օրվա խորհուրդն ու ներկայացրեց հյուրերին: Ողջույնի խոսք ասաց նաև գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սամվել Գևորգյանին հրավիրելը պայմանավորված էր «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի նկատմամբ ուսանողների մեծ հետաքրքրությամբ:

Միջոցառման առաջին հատվածում Սամվել Գևորգյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ այն անկեղծ զրույց է Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեցող մարդկանց հետ, նաև ներկայացնում է Հայաստանում ստեղծված 200 ընկերությունների և կազմակերպությունների պատմությունները: Նրա խոսքով՝ չնայած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը առաջին հայացքից զուտ բիզնես ստեղծելուն ուղղված գիրք է, սակայն ունի ավելի խորքային նպատակ. այն ուղեցույց է ինքնակազմակերպվելու, նորարար մտածողությունը զարգացնելու, ժամանակն արդյունավետ տնօրինելու, տեսական ու գործնական հմտությունները խելամտորեն համադրելու, կյանքում դժվարություններն ու խնդիրները հաղթահարելու մասին:

Արթուր Հայրապետյանն ուսանողներին առաջարկեց Թումանյան ասմունքել, ՀՊՏՀ-ականներն էլ արտասանեցին թումանյանական խորունկ քառյակները, «Թմբկաբերդի առումից» հատվածներ, և իհարկե, գրքեր նվեր ստացան:

Ամփոփելով ջերմ ու տոնական տրամադրությունները՝ միջոցառման մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին, հետաքրքրիր հարցեր հղած, ինչպես նաև ուսումնառության մեջ ակտիվություն ցուցաբերած ուսանողները գրքեր ստացան բուհի ղեկավար Դիանա Գալոյանից և հյուր-բանախոսներից:

Իսկապես, գրքի տոնին նվիրված այս միջոցառումը ուսուցանող ու ոգևորող էր, բավականություն պարգևող ու գեղագիտական՝ ինչպես ինքը գիրքն է:

Շնորհավո´ր գրքատոն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին