ՀՊՏՀ քոլեջը դիպլոմներ հանձնեց իր շրջանավարտներին

12.07.2024
Դիտումների քանակ՝ 742

Այսօր՝ հուլիսի 12-ին, 2023–2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների պաշտոնական հանձնման արարողությամբ բարի երթի և նոր շրջափուլի ուղեգիր ստացան ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 383 շրջանավարտներ։ Նրանցից 343-ը միջին մասնագիտական կրթական ծրագրով 8 մասնագիտությունների գծով և 40-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով 2 մասնագիտությունների գծով շրջանավարտներն են։ Այս տարի ՀՊՏՀ քոլեջը գերազանցության դիպլոմով ավարտում է 135 հոգի։

Քոլեջի հանդիսությունների սրահում, որտեղ կայացավ միջոցառումը, շրջանավարտներին ու նրանց ծնողներին, իր շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, դասավանդող կազմը, արտադրական ուսուցման վարպետները և հյուրեր։

Բուհի ղեկավարը ոգևորեց և առաջիկա նախաձեռնություններում հաջողություններ մաղթեց շրջանավարտներին՝ ընդգծելով, որ մասնագիտական առաջին մկրտությունը կարևոր մեկնակետ է, որը նախանշում է հետագա հաջողությունները, կողմնորոշիչ դառնում մասնագիտության վերջնական ընտրության ճանապարհին։

Շրջանավարտներին բարի երթ և կանաչ ճանապարհ մաղթեց Լուսինե Կարապետյանը՝ պատգամելով արժևորել գիտելիքը, կանգ չառնել, շարունակել սովորել և վստահ քայլերով առաջ ընթանալ։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։