«ՀՊՏՀ շրջանավարտ–2024»-ն անցավ շուքով և հանդիսավոր․ համալսարանն ավարտեց 1550 շրջանավարտ

11.07.2024
Դիտումների քանակ՝ 940

Հուլիսի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ տարվա ամենասպասված և հիշարժան միջոցառումը՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մեծ դահլիճի բեմահարթակում բոլոր ֆակուլտետների շրջանավարտներն ստացան իրենց՝ տարիների կուտակած գիտելիքի ապացույցը՝ դիպլոմը։ Արարողությանը զուգահեռ ՀՊՏՀ բակում ընթանում էր ժամանցային ծրագիր, որը ներառում էր բազում ստեղծարար գաղափարներ՝ լուսանկարային տաղավարներ, ֆոտոկրպակ, հյուրասիրություն և անսահման ջերմ մթնոլորտ։

Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, ՀՊՏՀ ղեկավար, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ծնողներ։

Շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք հղեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը՝ հորդորելով հպարտությամբ կրել և տարածել այն արժեքները, որոնք ստացել են Տնտեսագիտական համալսարանում։ «Սիրելի΄ շրջանավարտներ, մենք միասին անցել ենք մասնագիտական ու անձնային կարողությունների ձևավորման մի բարդ, ստեղծագործ և հետաքրքիր շրջափուլով, որի ավարտական հանգրվանին, ցավոք, հասան ոչ բոլորը, ում հետ սկսեցինք մեր ճամփորդությունը։ Ձեր ուսումնառության ընթացքը և ամփոփիչ ատեստավորման արդյունքները համալսարանին հավատ են ներշնչում, որ այսօր աշխատաշուկա է ոտք դնում, իսկ շատերի պարագայում՝ իր մասնագիտական կարիերայի աճն է նախաձեռնում կիրառական հմտություններով օժտված, քննադատաբար մտածող, փաստահեն և հետազոտահեն որոշումների միտված, ստեղծարար, լայնախոհ, աշխատատեղում փոփոխություններ նախաձեռնելու համար բավարար համարձակ առաջնորդների և տնտեսագետների մի նոր սերունդ»,- մասնավորապես ասաց բուհի ղեկավարը։ Շնորհավորանքն ամբողջությամբ՝ այստեղ։

ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորեց և իր պատգամը հղեց շրջանավարտներին․ «Եղե΄ք համարձակ, իրականացրե΄ք այն բոլոր նպատակները, որ ձեր առջև դրել եք և նաև ճի΄շտ գնահատեք ձեր հնարավորությունները՝ այդ նպատակներին հասնելու համար: Երբե΄ք մի գայթակղվեք շատ հեշտ ձեռք բերվող արժեքներով, կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, ամեն ինչի համար պետք է աշխատանք, ամեն ինչի համար պետք է ձգտում: Միշտ վստա΄հ եղեք, որ ձեր գիտելիքներն ու ձեռքբերումները գնահատվելու են: Ձեր շրջապատում, ձեր ընտանիքում, հասարակության մեջ գնահատվելու եք որպես մարդ, որն ունի այդ արժեքները, որպես մարդ, որը ձեռքբերումներ ունի, որպես մարդ, որը կարողացել է ինքն իր նպատակներին հասնել»։

Այնուհետև Վահագն Խաչատուրյանը դիպլոմներ հանձնեց 6 ֆակուլտետների լավագույն շրջանավարտներին (ակադեմիական առաջադիմության և ուսանելու տարիներին դրսևորած բարեվարքության համար)․ կառավարման՝ Թագուհի Գևորգյան, ֆինանսական՝ Մերի Եղոյան, հաշվապահական հաշվառման և աուդիտի՝ Վերժինե Թության, ինֆորմատիկայի և վիճակագրության՝ Նանե Սաֆարյան, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման՝ Հասմիկ Անանյան, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների՝ Մերի Մարտոյան։

Թագուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց սիրելի համալսարանին՝ ասելով․ «Եղել են դասախոսներ, որոնցից քաղել ենք շատ ավելին, քան պարզապես մասնագիտական գիտելիքներն են, նրանք սովորեցրել են մեզ լինել ինքնավստահ, հավատալ ինքներս մեզ, գործի դնել մեր ողջ ներուժը և ձևավորվել որպես կառավարման մասնագետներ»։

«Մենք ուզում ենք ապրել ազատ երկրում, ազատության կարևոր գործոնը մրցունակությունն է․ երկրի մրցունակության համար պետք է լինեն մրցունակ ընկերություններ, ընկերության մրցունակության համար պետք է մրցունակ լինենք յուրաքանչյուրս, այսինքն` սովորելը պետք է լինի անընդհատ գործընթաց, պետք է ունենանք բաց մտածողություն, ընդունենք այն նորը, որը մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի լավը դառնալու համար»,- այս խոսքերով շրջանավարտներին բարեմաղթեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Ineco People/«Գործատուի բրենդ»-ի կողմից լավագույն շրջանավարտներին հանձնեց նվերներ։

Այսօր ավարտական վկայականներ ստացան բոլոր ֆակուլտետների շրջանավարտները։ Նրանց շնորհավորեցին ու ջերմ խոսքեր հղեցին ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը, հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Աղավնի Հակոբյանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, ինչպես նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։ Վերջինս «ՈւԽ մրցանակը» հանձնեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ Արփինե Գրիգորյանին։

«Դեկանի համակրանք» մրցանակն ըստ ֆակուլտետների ստացան՝ կառավարման՝ Վոլոդյա Հարությունյան, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների՝ Նունե Բայրամյան, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման՝ Տաթևիկ Ասատրյան, հաշվապահական հաշվառման և աուդիտի՝ Կարինե Բաբայան, ինֆորմատիկայի և վիճակագրության՝ Դայանա Հարությունյան, ֆինանսական՝ Ելենա Բախշյան։ Այս մրցանակին արժանացած շրջանավարտներին ևս Ineco People/»Գործատուի բրենդ»-ի կողմից հանձնվեցին նվերներ։

Շնորհավորանքներ հղեցին նաև ֆակուլտետների դասախոսները, բուհի գործընկերները, այդ թվում՝ «Չայկոֆֆ» ընկերության մարքեթինգի տնօրեն Ռուբեն Աբգարյանը, Sportation.am LLC բիզնես վերլուծաբանների թիմի ղեկավար Ինգա Ղալայանը, ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը, Targeting և Simple Business Academy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Գոռ Կարապետյանը, «Հայկական ծրագրեր» ընկերության ՄՌԿ ղեկավար Սոֆիա Սարգսյանը (ով նվերներ հանձնեց 2 շրջանավարտի), «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։

Նշենք, որ 2023-2024 ուստարում ՀՊՏՀ-ն թողարկել է 1550 շրջանավարտ՝ առկա կրթաձևում՝ 1066 (առկա բակալավրի կրթական աստիճան՝ 824, որից 213-ը՝ գերազանցության դիպլոմով, առկա մագիստրոսի կրթական աստիճան՝ 238, որից 139՝ գերազանցութան դիպլոմով), հեռակա կրթաձևում՝ 484 (հեռակա բակալավրի կրթական աստիճան՝ 440, որից 33-ը՝ գերազանցության դիպլոմով, հեռակա մագիստրոսի կրթական աստիճան՝44 , որից 11-ը՝ գերազանցութան դիպլոմով)։

Միջոցառման լուսանկարային շարքը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սիրելի՛ շրջանավարտներ, տեղեկացնենք, որ այս հիշարժան օրվա ձեր լուսանկարը կարող եք վերցնել՝ դիմելով ձեր ֆակուլտետի դեկանին։