Հայտնի են ՀՊՏՀ քոլեջի տնտեսագիտական էսսեների մրցույթի հաղթողները
Ապրիլի 25-ին Տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սովորողների համար կազմակերպված «Հայաստանի և աշխարհի տնտեսական դիմագիծը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տնտեսագիտական էսսեների մրցույթի վճռական փուլը:
Մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էին ավելի քան 3 տասնյակ սովորողներ, անցկացվել էր քոլեջում։ Վերջնարդյունքում հանձնաժողովի որոշմամբ ընտրվեցին հաղթողները, որոնց պարգևատրեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ՀՊՏՀ քոլեջի տնօրենի ժ/պ Լուսինե Կարապետյանը, ՈՒԽ նախագահ Արև Մանուկյանը, քոլեջի վարչական աշխատակիցներ և դասախոսներ։
Եվ այսպես, տնտեսագիտական էսսեների մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Վահե Մարդոյանը (առաջին մրցանակ), Աննա Բալյանը (երկրորդ մրցանակ) և Գագիկ Մարտիրոսյանը (երրորդ մրցանակ), որոնք արժանացան համապատասխանաբար 50000, 35000 և 25000 ՀՀ դրամ խրախուսական մրցանակների։ Մրցույթի բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր։
Էսսեների մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին աննախադեպ այս մրցույթի կազմակերպվածությունը և սովորողների խանդավառ մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական կլինեն։