ՀՊՏՀ-ն և 1C ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iNFOEXPERT-ը գործընկերներ են
iNFOEXPERT-ը, որը Հայաստանում, ֆրանչայզինգի իրավունքով, 1C ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, համալրեց ՀՊՏՀ գործընկերների շարքը։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հյուրընկալեց ընկերության ղեկավար Արամ Գրիգորյանին։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը և նշված ընկերության մարքեթինգի մասնագետ Մարիամ Սահակյանը։
ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց համալսարանի կողմից առաջարկվող մասնագիտական կրթական ծրագրերը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը սպասարկում է այն մասնագիտությունները, որոնց պահանջարկն աշխատաշուկայում մեծ է։ Դիանա Գալոյանը մանրամասնեց համալսարանի գործունեությունը կամավորական աշխատանքի, փորձառության կազմակերպման և այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն, հիմնարար գիտելիքից բացի, աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ է փոխանցում իր ուսանողին։
iNFOEXPERT-ի տնօրեն Արամ Գրիգորյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ 26 տարի է՝ այն մասնագիտացած է 1C ծրագրային հենքի վրա բիզնեսի ավտոմատացման անհատականացված լուծումների մշակման, տարածման և աջակցության գործում, առաջարկում է ոչ միայն հաշվապահական, այլև ռեսուրսների, գործընկերների փոխհարաբերությունների, կադրերի կառավարման և փաստաթղթաշրջանառության համակարգեր՝ ավտոմատացնելով հաշվառման ու կառավարման գործընթացների ողջ սպեկտրը։ Նա նշեց, որ ընկերությունը որակյալ կադրերի կարիք ունի և ուրախ կլինի այս ուղղությամբ համագործակցել ՀՊՏՀ-ի հետ։
Ռեկտորը հանգամանորեն ներկայացրեց ՀՊՏՀ Change Lab-ի գործունեության հաջողված մոդելը՝ ընդգծելով, որ կարճ վերապատրաստումների միջոցով այն ընկերություններին է փոխանցում պահանջվող հմտություններով օժտված կադրեր։
Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը, ի թիվս մի շարք ուղղությունների, սահմանում է iNFOEXPERT ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների փորձառության, կամավորության և աշխատանքի հնարավորություններ։
ՀՊՏՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այս գործընկերությունն օգտակար կլինի ուսանողների համար, ապա ընդգծեց հուշագրի երկուստեք շահավետության կարևորությունը։