Երիտասարդությանը միավորում են բնապահպանական հիմնախնդիրները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում Վրաստանի Քոբուլեթ քաղաքում ապրիլի 11-20-ը կայացած Green for Youth («Բնապահպանությունը երիտասարդության համար») խորագրով միջազգային վերապատրաստման շաբաթին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՀՊՏՀ ուսանողներ Գևորգ Առաքելյանը, Նանե Օհանյանը, Էդուարդ Մելիք-Շահնազարյանը, Անի Զաքարյանը, Արսեն Հակոբջանյանը և մագիստրանտ Դավիթ Տոնոյանը։
Մեր ուսանողները վերադարձել են վառ տպավորություններով, նոր փորձով ու գիտելիքով հարստացած։ Նրանց խոսքով՝ վերապատրաստման օրերը հագեցած են եղել բնապահպանական թեմաներով լսումներով և քննարկումներով, գործնական աշխատանքով։ Մալթայից, Սլովենիայից, Հունաստանից ժամանած երիտասարդները հայ և վրացի թիմակիցների հետ փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն են ստացել, միաժամանակ հանրօգուտ աշխատանքով ամրապնդել բնապահպանական խնդիրների լուծման ու հաղթահարման շուրջ իրենց համախոհությունն ու համերաշխությունը։
Վերապատրաստման դասընթացները հիմնականում կազմակերպվել են բնության գրկում, որտեղ մասնակիցներն առավել առարկայական ու հիմնավոր են պատկերացում կազմել բնությանը հասցվող վնասների և դրանց դիմագրավելու գործում յուրաքանչյուրի դերի և մասնակցության մասին։
Երիտասարդներին շաբաթը նաև միջմշակութային ջերմ երեկոներ է պարգևել, տեսարժան վայրերով շրջագայելու հնարավորություն ընձեռել։
Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է «Էրազմուս +»-ի ֆինանսավորմամբ։