ՀՊՏՀ քոլեջում. ցերեկույթ՝ նվիրված Քառօրյա պատերազմին
Ապրիլի 4-ին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլյան Քառօրյա պատերազմին:
Քոլեջի կարիերայի և մարքեթինգի մասնագետ Հայկ Գրիգորյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողներն այդ ցերեկույթով նպատակ ունեին ցուցադրելու հայորդու պայքարելու, սրբազան կռիվ մղելու հզոր կամքն ու ոգեղենությունը, ինչը արեցին՝ շաղկապելով Արցախյան հերոսամարտի և Քառօրյա պատերազմի դրվագները: «Նրանք պատմեցին զոհված և մեր կողքին ապրող հերոսների մասին, վկայակոչեցին նրանց սխրանքները: Քառօրյա պատերազմին մասնակցած ՀՊՏՀ քոլեջի ուսանողներ Աղաբեկ Խաչատրյանն ու Սամվել Աթոյանը վերհիշեցին կենաց և մահու պայքարի օրերը, ներկայացրին պատերազմից քաղած սեփական դասերը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Քոլեջի զինղեկ, Արցախյան հերոսամարտի և Քառօրյա պատերազմի մասնակից, գնդապետ Արմեն Գևորգյանը ամփոփել է ուսանողների ելույթները և հայրենաշունչ ու գոտեպնդող խոսք հղել ներկաներին՝ հավաստիացնելով, որ հայի ոգին աննկուն է ու մարտունակ, պատրաստ պաշտպանելու հայրենի երկիրը:
Միջոցառման մշակութային մասում ուսանողները հանդես են եկել հայրենասիրական երգ ու ասմունքով՝ կրկին հիշեցնելով, որ հերոսներն անմահ են, ու նրանց հիշատակը վառ է բոլորի սրտերում:
Լուսանկարները՝ ՀՊՏՀ քոլեջի ֆեյսբուքյան էջից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին