ՀՊՏՀ աշխատակիցն ու ուսանողները մասնակցել են միջազգային փառատոնի

Դիտումների քանակ՝ 2662

Մոսկվա և Ստավրոպոլ քաղաքներում hունիսի 2-9-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կայացել է «BRICS և Շանհայյան համագործակցության կազմակերպության երկրների ուսանողական գարուն» («Студенческая весна стран БРИКС и ШОС») 3-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցած հայկական 65 հոգանոց պատվիրակության թվում են եղել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը, կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Հեղինե Հախնազարյանը և մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսեցի Անաստասիա Մարգարյանը, ով ներկայացնում էր Երիտասարդության հայ- ռուսական միությունը:

Փառատոնի մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկություն է հաղորդել Աստղիկ Հովհաննիսյանը:

Այն կազմակերպել են ՌԴ ԱԳՆ-ն, «Ռուսերիտասարդություն» դաշնային գործակալությունը, «Ռուսական երիտասարդների միություն» համառուսական համայնքային կազմակերպությունը և «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում՝ Ստավրոպոլի շրջանի կառավարությունը՝ Ռուսհամագործակցության աջակցությամբ: Միջոցառումը նվիրված է եղել Շանհայի համագործակցության կազմակերպությունում 2019-2020 թթ. Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա բացմանը, մասնակցել են 23 երկրների 2500 պատվիրակներ: Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 2 մասից. Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուղղորդմամբ «Նոր սերունդ» ծրագրի շրջանակներում պատվիրակել էր ՀՀ բուհերի և երիտասարդական ՀԿ-ների 19 ներկայացուցիչ: «Նոր սերունդ» ծրագրի մասնակիցների համար փառատոնը սկսվել է Պետդումայում և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում, Ռուսհամագործակցության դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այնուհետև աշխատանքը շարունակվել է Ռուսաստանի ամենականաչ քաղաքում՝ Ստավրոպոլում: Ծրագիրը ներառել է հանդիպում Ստավրոպոլի կառավարության հետ, բացման հանդիսավոր արարողություն, ամենօրյա աշխատանք և քննարկումներ 6 բաժանմունքներում (կրթական ֆորում, երիտասարդ առաջնորդների, երիտասարդ լրագրողների ֆորումներ և լրացուցիչ ու մշակութային հարթակներ), երիտասարդական կազմակերպությունների գործունեության շնորհանդես, երիտասարդական բիզնես-ֆորում:

Հայաստանյան բուհերի ուսանողները Ստավրոպոլ քաղաքում միացել են հայկական պատվիրակությանը: Նշված ֆորումներից բացի փառատոնն ուղեկցվել է լայնամասշտաբ մշակութային և էքսկուրսիոն միջոցառումներով ու մրցույթներով, որոնց հայկական պատվիրակության ուսանող անդամները մեծ մասնակցություն են ունեցել և զբաղեցրել տարբեր մրցանակային տեղեր:

Կազմակերպվել են նաև համաշխարհային և ռուս հայտնի երգիչների համերգներ, փառատոնի փակումն ուղեկցվել է հանդիսավոր արարողությամբ, մասնակիցները ստացել են վկայականներ:

Վերադարձից հետո «Նոր սերունդ» ծրագրի մասնակիցները ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով մասնակցել են Ռուսաստանի օրվան նվիրված պետական ընդունելությանը:

Լուսանկարները՝ փառատոնի տարբեր օրերից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին