ՀՊՏՀ աշխատակիցը Հունաստանում մասնակցել է վերապատրաստման ծրագրի
Հոկտեմբերի 15-19-ը Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում «Էրազմուս+»-ի՝ աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում «Միգրանտների ինտեգրումը բարձրագույն կրթության համակարգում» խորագրի ներքո տեղի է ունեցել «Բուհերի վարչական աշխատակիցների համար վերապատրաստման 8-րդ շաբաթ» ծրագիրը, որին մասնակցել է ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի լաբորանտ Արփինե Հակոբյանը: 20 երկրի 34 ներկայացուցիչներ մասնակցել են աշխատաժողովների, հունարեն լեզվի դասընթացների, քննարկել են միջազգային կրթական ծրագրերին վերաբերող հարցեր, հանդես եկել առաջարկություններով:
Վերադարձից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արփինե Հակոբյանը պատմեց այցի մասին, ներկայացրեց մանրամասները՝ նշելով, որ Սալոնիկից վերադարձել է վառ տպավորություններով:
«Մասնակցել եմ ծրագրի 3-րդ աշխատաժողովին, որի ընթացքում օտարերկրացի ուսանողների փոխանակային ծրագրերի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներ ենք լսել, քննարկել դրանք ու ներկայացրել մեր առաջարկությունները: Վերապատրաստման շաբաթը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով. շրջել ենք Արիստոտելի համալսարանի թանգարանով, ծանոթացել Հունաստանի ճարտարապետական առանձնահատկություններին: Կարճ ժամանակում հասցրեցինք նաև հունարեն լեզվին ծանոթանալ»,-ասաց նա:
Այս այցելությունը կարող է փոխգործակցության նոր սկիզբ դառնալ. մեր պատվիրակը նշեց, որ նախատեսում է առաջիկայում հանդես գալ երկու համալսարանների համագործակցությանն առնչվող առաջարկություններով:
Այցի արդյունքները Արփինե Հակոբյանը ամփոփելու է իր ամբիոնում:
Նշենք, որ «Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին