Աշխատանքային այց Քիշնև՝ ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1586

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 11-12-ին Մոլդովայի Տնտեսագիտական գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել կոորդինացիոն հանդիպում, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Հանդիպմանը քննարկվել են առաջին երկու աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքները, գործընկեր-համալսարանների կողմից մշակված մագիստրոսական ծրագրերի բարեփոխման ուղիները, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՊՏՀ պատվիրակները ներկայացրել են ՐԻՖԱՅՆ-ի համար մշակված «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրում կատարված փոփոխությունները, ՀՊՏՀ կողմից կոորդինացվող յոթերորդ աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված և իրականացվելիք գործողությունները, դրանց ժամկետները և վերջնարդյունքները: Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչ, նախագծի համակարգող Յոհաննես Վետցինգերը հստակեցրել է առաջիկա քայլերը, արտասահմանյան գործընկեր համալսարաններում նախագծի մասնակից-դասախոսների վերապատրաստման ժամկետները:
Նշենք նաև, որ Քիշնևում կայացած հանդիպումից առաջ և հետո ՀՊՏՀ-ում տեղի են ունեցել հանդիպումներ ՐԻՖԱՅՆ նախագծի աշխատանքային թիմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մշակված մագիստրոսական ծրագրի առարկաների, գրականության ցանկերը, դրանց բաշխումը, ինչպես նաև ամփոփվել են Քիշնևում կայացած կոորդինացիոն հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017թ. հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում և նախագծի պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին