ՀՊՏՀ աշխատակիցներն ունեն նոր բժշկական ապահովագրություն․ բուհի սոցիալական քաղաքականության ծրագրերը շարունակվում են /լրացված/

19.01.2021
Դիտումների քանակ՝ 1341

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ 2020թ․ դեկտեմբերի 28-ին կնքել է բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2021թ․ հունվարի 1-ից։ Ծառայության համար գնումների մրցույթը հայտարարվել է 2020թ․ դեկտեմբերի 1-ին, դիմել են 4 ընկերություններ, հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն։

Արդեն երկրորդ տարին ՀՊՏՀ աշխատակիցները բժշկական ապահովագրությունից կօգտվեն անվճար, սակայն այս տարի մեծացել է փոխհատուցումների ծածկույթը։ Բուհի ղեկավարության այս մոտեցումը նպատակ ունի ՀՊՏՀ աշխատակիցների համար որակյալ բժշկական օգնությունը դարձնել մատչելի։

Բժշկական ապահովագրությունը նախատեսված է ՀՊՏՀ հիմնական աշխատակիցների համար, պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բժշկական ապահովագրության ծառայությունները հատուցվում են շտապ և անհետաձգելի բուժօգնության, արտահիվանդանոցային (ամբուլատոր) բուժօգնության, ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժման դեպքերում, ներառված են նաև ակնաբուժությունը, ստոմատոլոգիան, հղիությունն ու ծննդօգնությունը, օնկոլոգիան, սրտաբանությունը, քրոնիկ հիվանդությունները և տարեկան կանխարգելիչ բուժզննումը։

Բժշկական ապահովագրության ծառայությունների նկարագիրը կարող եք գտնել այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին