ՀՊՏՀ ֆուտզալիստները սկսում են մարզական տարին. մեր հավաքականն այսուհետ հանդես կգա «ՀՊՏՀ Երևան» անունով

19.01.2021
Դիտումների քանակ՝ 721

ՀՊՏՀ ֆուտզալի թիմը նոր տարին սկսում է նոր անունով ու նոր տրամադրվածությամբ. «ՀՊՏՀ Երևան»-ի մասին դեռ շատ-շատ առիթներ կլինեն խոսելու` վստահեցնում է մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, հավաքականի ավագ մարզիչ-ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

Առաջիկայում կարևոր հանդիպումներ են, մեր թիմը խաղային տարին մեկնարկում է այսօր. հունվարի 19-ին «ՀՊՏՀ Երևան»-ը կհանդիպի Հայաստանի քառակի չեմպիոն «Լեո» թիմի հետ, հունվարի 23-ին` «Ալաշկերտ»-ի, հունվարի ավարտին` «Արարատ Արմենիա»-ի հետ, որը առաջնության ընթացիկ արդյունքով այժմ 2-րդ հորիզոնականում է:

«2020-2021 թթ. Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում ՀՊՏՀ թիմը հանդես է գալիս սեպտեմբերից: Թիմն արդեն 13 տուր է անցել, ունենք 2 բաց թողած տուր, նախկին տուրերում 7 հաղթանակ ենք տոնել, կրել ենք 3 պարտություն: Այս պահի դրությամբ, 11 թիմերի շարքում այն 3-րդ հորիզոնականում է, հավակնում է առաջնության մրցանակակրի և հաղթողի կոչմանը: ՀՊՏՀ հավաքականը այսուհետ հանդես կգա «ՀՊՏՀ Երևան» անունով: Այս ընթացքում ունեցել ենք խոշոր հաշվով հաղթանակներ։ Հարկ եմ համարում նշել, որ շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը «V bet» ընկերության հետ, որն իր վրա է վերցրել սեպտեմբերից մինչև այս փետրվար թիմի ֆինանսական հիմնական ծախսերը։ Այս շրջանում մեզ նյութապես աջակցելու է նաև մեր հարազատ բուհը, քանի որ մեր ղեկավարությունը կարևոր է համարում համալսարանական սպորտի զարգացումը»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Գաբրիելյանը:

«ՀՊՏՀ Երևան»-ի մարզչական կազմում են վերը նշված ամբիոնի դասախոսներ Մեսրոպ Ղուկասյանը և Դավիթ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «ՀՊՏՀ Երևան» թիմը 2014-2015 և 2015-2016թթ. ՀՀ ֆուտզալի առաջնության և 2018թ., 2020թ. «Ֆուտզալ Ա լիգա»-ի չեմպիոն է։ Հավաքականում հիմնականում ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ են, թիմի անդամ են նաև տարբեր բուհեր ավարտած խոստումնալից ֆուտզալիստներ:

«ՀՊՏՀ Երևան»-ի ֆեյսբուքյան էջին կարող եք հետևել այստեղ:

Ամբիոնի վարիչը հավելեց, որ ՀՊՏՀ-ում առաջիկայում կվերսկսվի մարզական կյանքը, մասնավորապես, փետրվարին նախատեսվում է անցկացնել ամենամյա «ՀՊՏՀ-դասախոսական խաղեր» միջոցառումը, իսկ գարնանը` ուսանողական մարզական խաղերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին