ՀՊՏՀ աշխատակիցները հունական համալսարանում մասնակցել են ««Էրազմուս+» անձնակազմի վերապատրաստման շաբաթի»

Դիտումների քանակ՝ 1832

Աթենքի տնտեսագիտության և գործարարության համալսարանը հունիսի 24-28-ը համախմբել է «Էրազմուս+» ծրագրի գործընկեր մեկ տասնյակից ավելի երկրների բուհերի աշխատակիցների՝ անձնակազմի վերապատրաստման շաբաթի միջոցառման շրջանակներում արծարծելով բուհական կրթության կազմակերպմանն աջակցող ստորաբաժանումների, ուսումնաօժանդակ բաժինների աշխատանքի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր: Հունաստան գործուղված բուհերի շարքում ՀՊՏՀ-ն ներկայացրել են արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Գայանե Մերդինյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանը, միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Սիմոնյանը, կառավարման ամբիոնի լաբորանտ Ալինա Քթոյանը:

««Էրազմուս+» վերապատրաստման շաբաթի» մանրամասները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին են հաղորդել Ալվարդ Սիմոնյանը և Ալինա Քթոյանը:

Այսպիսով, Աթենքի տնտեսագիտության և գործարարության համալսարանի ներկայացուցիչները զեկուցել են միջազգային կապերի պատասխանատուների կողմից իրականացվող աշխատանքների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և գործարար էթիկայի, ինչպես նաև հանրային կապերի ռազմավարության վերաբերյալ: Աշխատաժողովների ընթացքում քննարկվել են աշխատակիցների մոտիվացիային, համալսարանների գործունեության հանրայնացման գործում թվային մարքեթինգի կիրառմանը, գրադարանային գործի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մասնակիցները եղել են բուհի նորարարության և ձեռներեցության կենտրոնում, ծանոթացել դրա գործունեությանը և ուսանողական ստարտափ թիմերի ձևավորման և զարգացման գործիքակազմին:

Մասնակիցների կողմից իրենց ուսումնական հաստատությունների ներկայացման օրերի ընթացքում Մարգարիտ Մարուքյանը ներկայացրել է ՀՊՏՀ-ում իրականացվող բարեփոխումները, նոր կրթական ծրագրերը, համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, ինչպես նաև Հայաստանում բնակվելու, գործարարությամբ զբաղվելու և ուսումնառության առավելությունները։

Վերապատրաստման ընթացքում համագործակցությունը խորացնելու և նոր համագործակությունների պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի և Ռոտերդամի կառավարման դպրոցի ներկայացուցիչների հետ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին