ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը համագործակցության հուշագիր ստորագրեց «Ֆինս» հաշվապահական ընկերության հետ

Դիտումների քանակ՝ 2453

Տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը համագործակցության հուշագրեր է կնքում տարբեր առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ օժանդակելով ուսանողների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, գիտելիքների ու գործնական հմտությունների հարստացմանը: Այս մասին այսօր՝ հերթական հուշագրի ստորագրման օրը, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրենի ժ/պ Նազելի Նավասարդյանը:
ՀՀ հաշվապահական ծառայությունների շուկայում առաջատար ընկերություններից մեկի՝ «Ֆինս» (FINS Auditing and Business Consulting) ընկերության հիմնադիր տնօրեն Եղիշե Սողոմոնյանը և փոխտնօրեն Արմինե Ավագյանն էին հյուրընկալվել քոլեջում՝ կրթօջախի հետ վավերացնելու համագործակցության հուշագիր և ուսանողների համար անցկացնելու արտալսարանային սեմինար:
Ողջույնի խոսք ասաց տնօրենի ժ/պ Նազելի Նավասարդյանը՝ ներկայացնելով հյուրերին, ապա ընդգծելով կարևորությունն այն փոխգործակցությունների, որոնց շրջանակում քոլեջը ամուր մասնագիտական հիմք է կառուցելու իր ուսանողների համար:
Եղիշե Սողոմոնյանը անդրադարձ կատարեց «Ֆինս»-ի գործունեությանն ու աշխատանքային ուղղություններին. հաշվապահական, ֆինանսական, աուդիտի և այլ բարձրորակ ծառայությունների մատուցում: Սեմինար-հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը պարզաբանեց մերօրյա աշխատաշուկայի պահանջարկը, աշխատուժից ակնկալվող գիտելիքները, հմտություններն և որակները, երկրորդ հատվածում ներկայացրեց իրենց ընկերությունում մասնագիտական պրակտիկայի կազմակերպմանը, վերապատրաստմանը, աշխատանքի տեղավորմանը, գործնական փորձի փոխանցմանն առնչվող հարցերը:
Տարաբնույթ ընկերությունների հետ համագործակցությունների ընդլայնման հարցերով զբաղվող քոլեջի մասնագիտական զարգացման կենտրոնի համակարգող Կարինե Կամոևնան մեզ հետ զրույցում ասաց, որ նոր գործընկերները վարելու են դասախոսություններ, վարպետության դասեր, հյուրընկալելու են ուսանողներին՝ նրանց փոխանցելով իրենց մասնագիտական փորձը: Ակնկալվում է ակտիվ ու բազմակողմ գործակցություն: Գործընկերների շարքը առաջիկայում կհամալրվի:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հուշագրի ստորագրումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին