ՀՊՏՀ դոցենտի թեման՝ «Թեմատիկ ֆինանսավորման մրցույթ-2018»-ի հաղթողների շարքում

Դիտումների քանակ՝ 2471

Ավելի քան 6 ամիս տևած փորձաքննության արդյունքում ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն հաստատել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով 2018թ. մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի ներկայացրած «Կիրառական նշանակության գիտահետազոտական մշակումների արտոնագրման և առևտրայնացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեման։

Այս մասին մեզ հայտնեց Ատոմ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթի արդյունքներով պետական ֆինանսավորման երաշխավորում ստացած թեման վերաբերում է կիրառական նշանակության գիտահետազոտական մշակումների պատենտային պաշտպանության և առևտրայնացման հիմնախնդիրներին, որոնք խիստ արդիական են Հայաստանի Հանրապետության համար։ Նա հավելեց, որ գիտելիքահենք, բարձրտեխնոլոգիական և միջազգային չափանիշներով մրցունակ ազգային տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է երկրում ձևավորել նորարարություն պարունակող մշակումների ինստիտուցիոնալ պաշտպանության և շուկայական առաջխաղացման այնպիսի համակարգ, որը մի կողմից կխթանի բարձրաժեք հետազոտական գործունեությունը, մյուս կողմից՝ կապահովի դրա արդյունքների շահութաբեր առևտրայնացումը։

Ատոմ Մարգարյանը մանրամասնեց, որ թեման իրականացվելու է լաբորատորիայի ղեկավարի և ավագ գիտաշխատող Հ.Թերզյանի, ինչպես նաև համալսարանի աշխատակից հանդիսացող երկու հրավիրյալ հետազոտողների ուժերով ու տևելու է 24 ամիս։ Լաբորատորիայի ղեկավարի խոսքովը նաև հավելեց, որ իր թեման հաղթող է ճանաչվել նաև ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող-2018» մրցույթում, որում նույնատիպ մրցանակի են արժանացել հանրապետության բուհերի և ակադեմիական հաստատությունների 100 գիտաշխատողներ: :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին