ՀՊՏՀ-ում կայացավ հանդիպում ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հետ

Դիտումների քանակ՝ 2696

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ասպիրանտների հյուրն էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը և նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:
Հանդիպման մեկնարկին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց ԲՈԿ-ի նախագահի նախաձեռնությունը՝ կազմակերպելու նման քննարկում: Ողջունելով ներկաներին՝ Սմբատ Գոգյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը առաջին բուհն է, ուր այցելել է՝ քննարկելու գիտական որակավորման և աստիճանաշնորհման գործընթացի հետ կապված խնդիրները, ներկայացնելու սպասվող փոփոխությունները, որոնց նպատակը գիտական ատենախոսությունների որակի և դրանց պաշտպանության գործընթացի բարելավումն է: «Խնդիրները շատ են և հուսով եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, բայց այդ խնդիրները պետք լուծենք ոչ թե մենք, այլ բուհերը՝ իրենց ղեկավարներով և պրոֆեսորադասախոսական կազմերով, որովհետև մենք ընձեռելու ենք շատ մեծ լիազորություններ գիտնականներին, բայց նաև պահանջելու ենք շատ մեծ պատասխանատվություն»,- ասաց ԲՈԿ-ի նախագահը:
Սմբատ Գոգյանը ներկայացրեց ԲՈԿ-ի մոտեցումները մասնագիտական խորհուրդների ձևավորման, գիտական որակավորման և աստիճանաշնորհման գործընթացի հետ կապված բոլոր նախատեսվող փոփոխությունները, մանրամասնեց գործընթացին վերաբերող հարցերը և ընթացակարգերը:
Այնուհետև ներկաները ԲՈԿ-ի նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք ստացան պատշաճ պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ԲՈԿ-ի նախագահին հանդիպման համար, ապա նշեց. «Մենք ընդունում ենք, որ այս ոլորտում կան խնդիրներ, բայց նաև ցանկանում ենք հավաստիացնել, որ շահագրգիռ ենք ոլորտը բարելավվել, ունենալ որակյալ ատենախոսություններ, քանի որ այդ մարդիկ նաև հետագայում համալրում են մեր դասախոսների շարքերը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք համագործակցել և կփորձենք հասնել ցանկալի արդյունքի»,- ասաց ռեկտորը:
Սմբատ Գոգյանն առաջարկեց բոլոր առաջարկներն ու կարծիքները ներկայացնել ԲՈԿ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին