ՀՊՏՀ ֆուտզալի թիմը 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերում դարձել է չեմպիոն

Դիտումների քանակ՝ 2037

ՀՀ 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված ֆուտզալի տղաների առաջնությունում ՀՊՏՀ ֆուտզալի թիմը դարձել է չեմպիոն՝ երեկ եզրափակչում Սլավոնական համալսարանի հարկի տակ 7:1 հաշվով հաղթանակ տանելով հենց այդ թիմի նկատմամբ: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ նշված առաջնությունը մեկնարկել էր մայիսի 4-ին, մասնակցում էին 12 բուհեր:
«12 բուհերի թիմերը բաժանվել էին ենթախմբերի, ՀՊՏՀ-ն այդ ենթախմբում խաղաց Ագրարային և Սլավոնական համալսարանների թիմերի հետ՝ տոնելով 2 հաղթանակ, ¼ եզրափակչում հաղթանակ տարանք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի, եզրափակչում՝ Ամերիկյան համալսարանի թիմի նկատմամբ և եզրափակչում արդեն հաղթեցինք Սլավոնական համալսարանին՝ կրկին դառնալով չեմպիոն»,- ներկայացրեց Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ սա ՀՊՏՀ ֆուտզալի թիմի երկրորդ չեմպիոնությունն էր այս տարի՝ Բիզնես լիգայում արձանագրած հաջողությունից հետո:
Նա նաև հայտնեց, որ հաղթողները ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով, ինչպես նաև հաղթանակի գավաթով, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից գնդակներ են նվեր ստացել:
«Այս հաղթանակը մեզ հնարավորություն ընձեռեց առանց մուտքի անդամավճարի մասնակցելու ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանը, որը կկայանա գալիք տարի»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ ֆուտզալի առաջնությամբ ավարտվեց ՀՀ 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը, որի արդյունքները կամփոփվեն առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին