Կոորդինացիոն հանդիպում՝ «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1046

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի» ազգային համալսարանում մայիսի 10-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» (ՀԵՐԻՏԱԳ) (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի կոորդինացիոն հանդիպումը կատարված աշխատանքների ամփոփման և առաջիկա գործողությունների պլանավորման նպատակով։ Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից, հանդիպմանը մասնակցել են էին ծրագրի համակարգող Վալենսիայի պոլիտեխնիկական (Իսպանիա) համալսարանի և կոնսորցիումի անդամ եվրոպական, վրացական և հայաստանյան գործընկերների ներկայացուցիչները, Սալոնիկի Արիստոտելի անվան (Հունաստան), Թագավորական տեխնոլոգիական (Շվեդիա), Բոլոնիայի (Իտալիա), Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական և Գորիսի պետական համալսարաններից, Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամից, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունից և «ՌՈՒՄԷԱ» գայթակղիչ ճամփորդությունների ակումբից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հանդիպմանը մասնակցել են որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի աշխատակիցներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը։
Ծրագրի համակարգող Լուիս Ռուիս Ֆերնանդեսը ներկայացրել է արդեն իսկ իրականացված գործողություններն ու ձեռքբերված արդյունքները «Կրթություն և հասարակություն», «Զբոսաշրջության և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների և երեք ԵՏՀ լաբորատորիաների ստեղծում», «Գործընկեր համալսարանների անձնակազմի կիրառական վերապատրաստումներ», «Որակի ապահովում», «Որակի ապահովում և մշտադիտարկում» ու «Ծրագրի կառավարում» աշխատանքային փաթեթների շրջանակներում։ «Կրթական ծրագրի մշակում» աշխատանքային երկրորդ փաթեթի շրջանակում նախատեսված աշխատանքներն (միջառարկայական բարեփոխումներ մագիստրոսական կրթական ծրագրերում, նոր դասընթացների և դասավանդման նյութերի մշակում) իրականացնելու նպատակով ներկայացվել է հայաստանյան գործընկերների կողմից մշակված դասընթացի ծրագրի ձևաչափը։ Քննարկվել են նաև «Շարունակական կրթության մոդուլի մշակում», «Իրազեկում» և «Կայուն զարգացում» աշխատանքային փաթեթների շրջանակներում պլանավորված աշխատանքներն արդյունավետ իրականացնելու հնարավոր ուղիներն ու տարբերակները, մասնավորապես՝ աշխատանքային տոնավաճառների և ծրագրի ամփոփիչ համաժողովի կազմակերպման, ձեռքբերված արդյունքների շարունակականության և կայունության ապահովման վերաբերյալ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին