Կորյուն Աթոյան – 65. շնորհավորում ենք հարգարժան ղեկավարի ծննդյան տարեդարձը

16.02.2021
Դիտումների քանակ՝ 2179

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նվիրյալներին անդրադառնալը, նրանց վաստակն արժևորելը և երախտագիտության խոսք ասելը վաղուց որդեգրված մոտեցում է, և այս առումով հոբելյաններն ու ծննդյան տարեդարձները լավագույնս ընձեռում են այդ առիթը:

Այսօր մեր համալսարանի ղեկավարներից մեկի՝ 2011-2018 թթ. ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է: Տակավին մի քանի տարի է բաժանում մեզ այն օրերից, երբ նրա հմուտ կառավարչական որոշումների, համախմբող ու ստեղծագործ մոտեցումների շնորհիվ ՀՊՏՀ-ն իր տարեգրության լուսավոր էջերն էր կերտում՝ անուրանալի դերակատարում ունենալով հայաստանյան բուհերի մեծ ընտանիքում:

Կորյուն Աթոյանի մարդկային վեհ հատկանիշները՝ անմիջականությունը, բարեհոգությունը, մարդկանց օգնելու հարահաս ձգտումը նրան դարձրել են մոտ ու մտերիմ շատ-շատերին, բարի հուշ թողել սրտերում ու օրինակ հանդիսացել: Ներքին համոզմունքով նա հետևել է մեծն Թումանյանի իմաստախոսությանը. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»:

Իր ղեկավարության շրջանում, որը բարեփոխումների թարմ շունչ բերեց բուհին, Կորյուն Աթոյանը հետևողականորեն ու մեծ ջանքերով ձեռնամուխ եղավ մեր համալսարանի նոր կերպարի ստեղծմանը և առավել բարձր նշաձողի սահմանմանը: Այսօր նրա կառավարչական ձեռագիրը ճանաչելի է ամենուր՝ ուսումնական գործընթացի վերագործարկման նորամուծություններից մինչև արդյունավետ աշխատող ենթակառուցվածքներ, բարեկարգ բակ ու շինություններ:

Իմաստալից ապրած կյանքի ներկա հանգրվանում վեցուկես տասնամյակը անվանի տնտեսագետ-գիտնականի ու կառավարչի համար արգասաբեր ապրած տարիներ են, որոնք սկիզբ են առել ծննդավայրից՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Այնուհետև, մասնագիտական մկրտություն ստանալով Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (այժմ՝ ՀՊՏՀ), գիտական ու աշխատանքային փորձառություն է անցել Շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Հետագայում նրա համար աշխատանքային ասպարեզ են դարձել ՀՀ պետեկամուտների, ֆինանսների նախարարությունները, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը, այլ պետական կառույցների բարձր պաշտոնները՝ բաժնի և վարչության պետ, նախարարի տեղակալ, նախարարի գլխավոր խորհրդական:

Կորյուն Աթոյանը հեղինակել է 5 տասնյակից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ ու դասագրքեր, ամենատես աչքով նկատել, առաջ է մղել ու խրախուսել կարող ու շնորհալի ուսանողներին, աշխատակիցներին:

Երկար կարելի է թվարկել Կորյուն Աթոյանի օրոք մեր համալսարանի ձեռքբերումները, նրա անձնական, աշխատանքային ու հասարակական նվաճումները, սակայն, շտապելով երախտիքի մեր խոսքն ասել ու շնորհավորել, ցանկանում ենք հավաստիացնել, որ հիանալի կառավարչի ստեղծարար նախաձեռնություններն իրոք մի անջնջելի դրոշմ են դրել մեր համալսարանի պատմության ու դիմագծի վրա, ավանդ ներդրել մեր համընդհանուր գործում, ուղենիշ դարձել նոր նախաձեռնությունների:

ՀՊՏՀ ռեկտորատը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից, ջերմորեն շնորհավորում է հարգարժան Կորյուն Աթոյանին՝ մաղթելով առողջություն, եռանդ, ընտանեկան անդորր ու երջանկություն, նոր նպատակների իրագործում:

ՀՊՏՀ ռեկտորատ