ՀՊՏՀ շրջանավարտը` Եվրոպական ուսանողական միության գործող մանդատի նախագահ
Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 79-րդ առցանց ժողովում կառույցի գործող մանդատի նախագահ է ընտրվել ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ Գոհար Հովհաննիսյանը:
Այս մասին հաղորդում է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ): Մեր շրջանավարտը երկար ճանապարհ է անցել կառույցում, հարստացրել կառավարման իր փորձը:
2015թ.-ից նա եղել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարության անդամ, հետագայում` միջազգային կապերի պատասխանատու և ղեկավարել է բազում կրթական ազգային ու միջազգային նախագծեր: 2017թ․ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացայի առաջադրմամբ Գոհարն ընտվել է Եվրոպական ուսանողական միության գործադիր մարմնի անդամ, նույն մանդատին հավակնել է նաև 2018թ. և կրկին ընտրվել` գերակշիռ քվեներով: 2019թ. Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացայի առաջադրմամբ ընտվել է որպես նույն կառույցի (ԵՈւՄ) փոխնախագահ: Մանդատի նախագահի նոր պաշտոնը ստանձնելու առիթով շնորհավորում ենք մեր շրջանավարտին և մաղթում բեղմնավոր գործունեություն` ի շահ կառույցի ներքո համախմբված երկրների ուսանողության:
Հավելենք, որ Եվրոպական ուսանողական միությունը ուսանողական ազգային 46 միությունների հովանոց կազմակերպություն է, որոնք ներկայացնում են 40 եվրոպական երկրներ, միավորում շուրջ 20 մլն ուսանողների: ՀՈւԱԱ-ն Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է 2012թ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին