ՀՊՏՀ միջազգային կապերը շարունակվում են ընդարձակվել

20.05.2022
Դիտումների քանակ՝ 1145

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մայիսի 16-20-ը ՀՊՏՀ-ում էին Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Մարտին Գեբարովսկին (Լեհաստան) և Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի (Հունաստան) էկոնոմիկայի ֆակուլտետի միջազգային կապերի բաժնի համակարգող Աննա Ագրապետիդուն։

Մինչ ՀՊՏՀ այցը՝ Մարտին Գեբարովսկին առցանց դասախոսություն էր կարդացել Տնտեսագիտականի ուսանողների համար՝ «Համաշխարհային ցուցահանդեսներում ազգային տաղավարների շուկայավարման հարթությունը» (Marketing dimension of national pavilions at World Expos) թեմայով։

ՀՊՏՀ ուսանողները Մարտին Գեբարովսկուն անձամբ տեսնելու և նրա հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն ունեցան դասախոսի՝ ՀՊՏՀ այցի ընթացքում։

Ինչպես նշեցինք, ՀՊՏՀ-ում էր նաև Աննա Ագրապետիդուն, որը, ի դեպ, ազգությամբ հայ է և երկար տարիներ Հայաստանում չէր եղել։ Վերջինիս այցի հիմնական նպատակը վերապատրաստումն էր, «Էրազմուսի» նոր նախագծերի ներդրումն ու ընդլայնումը։

Հյուրերը եղել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, գրադարանում, հանդիպումներ ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ,քննարկել առկա ծրագրերի ընդլայնման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխգործակցությունը Տնտեսագիտական համալսարանի հետ։

Այցի շրջանակներում Մարտին Գեբարովսկին և Աննա Ագրապետիդուն շրջել են նաև մայրաքաղաքում, այցելել տեսարժան վայրեր, հաղորդակցվել հայկական մշակույթին: