ՀՊՏՀ գիտնականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած գիտաժողովին
Մայիսի 18-ին ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի գիտաշխատողներն առցանց մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած «Տնտեսության կառավարման ռազմավարությունները և գործիքակազմերը. կայուն զարգացում և տեխնոլոգիական փոխակերպում» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովին և հանդես եկել զեկուցումներով: Լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ գիտաժողովը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի «ԻՏՄՕ» Ազգային հետազոտական համալսարանը, որը Ռուսաստանի առաջատար ու աշխարհում մեծ հեղինակություն վայելող բուհերից է:
Գիտաժողովին ՀՊՏՀ գիտնականները ներկայացրել են երեք զեկուցումներ (Ատոմ Մարգարյան, Հարություն Թերզյան՝ «Հայաստանի տնտեսական կառուցվածքի ինովացիոն դինամիկան. կոնվերգենտ մոտեցում» (լիագումար նիստի զեկուցում), Ատոմ Մարգարյան, Արսեն Պետրոսյան՝ «Արտոնագրային շուկայի զարգացման ժամանակակից միտումները», Էմիլ Գրիգորյան՝ «Արտոնագրային գործունեության դինամիկան ԵԱՏՄ և ԵՄ երկրներում. համեմատական վերլուծություն»): Ատոմ Մարգարյանի խոսքով՝ գիտաժողովին մասնակցել են տարբեր համալսարանների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Գիտաժողովի 6 բաժանմունքներում լսվել են 6 տասնյակից ավելի զեկուցումներ:
«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գիտաժողովի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացնելու նորարարությունների կառավարման, տեխնոլոգիաների փոխանցման և մտավոր սեփականության գնահատման ոլորտներին առնչվող միջհամալսարանական հետազոտական ծրագրեր, ինչպես նաև մշակելու համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր: