ՀՊՏՀ-ն լոկ կրթօջախ չէ, այն նաև արժեքներ փոխանցող հաստատություն է. ՀՊՏՀ շրջանավարտ Էրիկա Կիրակոսյան

Դիտումների քանակ՝ 4205

Հարգելի′ դիմորդ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում քեզ ողջունում է «Շրջանավարտը` դիմորդին» խորագիրը: Այս շարքի ներքո ՀՊՏՀ 6 ֆակուլտետների շրջանավարտները ներկայացնում են իրենց ֆակուլտետները, հղում իրենց խոսքը, որը կարող է օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այս հրապարակմամբ ՀՊՏՀ դիմորդներին է դիմում կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն» մասնագիտացման գերազանցիկ շրջանավարտ Էրիկա Կիրակոսյանը: Նրա ուղերձը` ստորև: «Ողջույն, սիրելիներս, ես ՀՊՏՀ շրջանավարտ եմ և նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին` այս տարիների ընթացքում մեզ փոխանցած գիտելիքների, արժեքների և ջերմ վերաբերմունքի համար:Սիրելի′ դիմորդ, գիտե՞ս` մեր բուհը լոկ կրթօջախ չէ, այն նաև խորը արժեքային համակարգ ստեղծող հաստատություն է: ՀՊՏՀ-ն նվիրում է սեփական մասնագիտությունը սիրելու, դրան բազմակողմանի ծանոթանալու, այն յուրացնելու ու դրանով իսկ առաջ շարժվելու, ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ լինելու հնարավորություն:6 տարի առօրյաս անցավ ՀՊՏՀ-ում և ինձ համար համալսարանը դարձավ հարազատ մի վայր, որտեղ ամեն օր ես ոտք եմ դրել վստահ քայլերով:Տարիներ առաջ բուհի և մասնագիտության ընտրության հարցում հստակ որոշում էի կայացրել. պետք է ընդունվեի ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետը: Այս տարիներին սովորելով ՀՊՏՀ-ում` վստահ կարող եմ ասել, որ սպասելիքներս առավելագույնս արդարացվել են և այստեղ կուտակել եմ գիտելիքների ու լայնածավալ տեղեկությունների պաշար:Ինձ համար ՀՊՏՀ-ն`հնարավորություն է,պատմություն է,տուն է,հաջողության գրավական է»,-ՀՊՏՀ-ի հանդեպ տածած սիրո մասին է պատմում մեր Էրիկան, ապա անդրադառնում «Կառավարում» մասնագիտության գրավիչ կողմերին: «Ինչպես նշել է մենեջմենթի խորհրդատու Փիթեր Դրաքերը ` «Կառավարումը գործունեության հատուկ տեսակ է, որը անկազմակերպ ամբոխին վերափոխում է արդյունավետ, նպատակասլաց և արտադրողական խմբի»: Կառավարումը մասնագիտությունների մասնագիտությունն է: Ընտրելով կառավարման ֆակուլտետը՝ դուք ոչ միայն կդառնաք հմուտ կառավարիչ, այլ նաև բազմակողմանի զարգացած անձ, ով պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն` իր ձեռք բերած գիտելիքներով: Կառավարման ֆակուլտետի պրոֆեսիոնալ մասնագետները ձեզ կսովորեցնեն այն բոլոր հմտություններն ու կարողությունները, որոնք բնորոշ են լավագույն առաջնորդներին:Եվ վերջում նշեմ, որ գիտելիքն այն հարստությունն ու հզոր ուժն է, որը ոչ ոք չի կարող վերցնել քեզնից: Իսկ այդ գիտելիքը ստանալու լավագույն միջավայրը ՀՊՏՀ-ն է, արի′ ՀՊՏՀ»:

Շարունակելի…

Հ.Գ. Խորագրի ներքո ներկայացրել ենք մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության, ֆինանսական ֆակուլտետների շրջանավարտների խոսքը (տե′ս ակտիվ հղումներով): Շարքը առաջիկայում կամբողջացնի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի շրջանավարտը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին