Վիճակագրությունն ամենուր է. շրջանավարտ Մարիետա Ազատյան
Ողջո՛ւյն, սիրելի' դիմորդ, հաշված օրեր անց դու կկատարես քո կյանքի կարևոր քայլը: ՀՊՏՀ ուսանող դառնալու նախաշեմին արի' ծանոթանանք մեր լավագույն շրջանավարտների հաջողության պատմությանը: Անշուշտ, յուրաքանչյուր ճիշտ ընտրության հետևում սրտացավ խորհրդատու է, և այդ խորհրդատուն քեզ համար կարող են լինել մեր փայլուն շրջանավարտները: Քեզ ուղերձ է հղում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ Մարիետա Ազատյանը:
«Բարև: Չորս տարի առաջ ես որոշեցի ընտրել վիճակագրությունը։ Այս չորս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ մտքեր ու համոզմունքներ` բուհի, մասնագիտության և անցածս ճանապարհի մասին, որոնցով ցանկանում եմ կիսվել քեզ հետ, սիրելի′ դիմորդ:Սկզբում, ինչպես երևի ձեզնից շատերը, ես էլ համարյա գաղափար չունեի, թե ինչ է վիճակագրությունը,սակայն սիրում էի մաթեմատիկան և փնտրում էի թվերն օգտագործելու «հետաքրքիր ձև»: Այդ միտքն իմ գլխում՝ սկսեցի ուսումնասիրել ինձ հասանելի տարբեր մասնագիտություններ: Ծրագրավորումն ու ինֆորմատիկան կարծես գրավիչ էին, բայց ես ուզում էի ավելին՝ ավելի լայն ու ընդգրկուն մի բան: Տնտեսագիտությունը նույնպես հիանալի էր հնչում իմ մտքում, բայց «ոչ բավարար»: Այս հետազոտության ընթացքում ես լսեցի վիճակագրություն մասնագիտության մասին և տեղեկացա, որ այդ մասնագիտությամբ Հայաստանում կրթական ծրագիր է առաջարկում միայն Տնտեսագիտական համալսարանը: Վիճակագրությունը հենց այն էր, ինչի մասին ես երազում էի… Վիճակագրությունն ամենուր է․ ահա թե ինչու է այն գրավիչ ինձ համար: Այն կարող է օգտագործվել տնտեսագիտության մեջ, ֆինանսներում, հոգեբանական և մարքեթինգային հետազոտություններում, աստղագիտության, քաղաքագիտության ոլորտներում, ագրոարդյունաբերության կամ դեղագործության մեջ: Այս ցանկը, իհարկե, կարելի է երկար շարունակել, բայց ես թվեցի միայն նրանք, որոնց շրջանակում ես և իմ ընկերները կիրառել ենք մեր գիտելիքները։ Արհեստական բանականություն։ Վստահ եմ՝ լսել եք։ Դրա հիմքում ևս վիճակագրությունն է։ Վիճակագրական մոդելները մեծ տվյալների ու տեխնոլոգիաների հետ միասին հնարավոր են դարձնում անհնարինն ու այդքան հեռու թվացողը։ Ներկայումս սրանք զարգացման ոլորտներ են, որտեղ վիճակագիրը կարող է գործի դնել իր հմտությունները»,- վիճակագրության մասնագիտության հմայքին է անդրադառնում մեր շրջանավարտը: Ապա խոսում է ՀՊՏՀ-ի առանձնահատկությունների մասին: «Կրթական համակարգի մասին յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: ՀՊՏՀ-ն ուսանողակենտրոն բուհ է, և այստեղ ուսանող-դասախոս կապն ամուր է, ինչը հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու մեր առաջարկները ու գաղափարները: Իսկ դասախոսական կազմը ոչ միայն հաղորդում է անհրաժեշտ գիտելիքներ, այլև անում հնարավորը՝ դրանք իրացնելու համար։ ՀՊՏՀ-ն մարդիկ են, ովքեր մոտիվացնում են, տալիս հնարավորություններ և ուղղություններ, օգնում քեզ ձեռք բերել առավելագույնը: Հետ նայելով անցած 4 տարիներին՝ համոզվում եմ, որ ընտրությանս մեջ չեմ սխալվել, ավելի ու ավելի եմ արժևորում այն, և ուզում եմ, որ դու էլ արժևորես քո ընտրությունը, այն կատարես գիտակցված, չէ՞ որ հնարավորություն ունես ընտրելու դարի ամենահմայիչ և պահանջված մասնագիտություններից մեկը: Բարի՛ երթ քեզ, դիմորդ»:Նշենք, որ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում Մարիետան ոսումնառության մեկ կիսամյակն անցկացրել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում։ Սիրելի′ դիմորդ, շարունակիր հետևել «Շրջանավարտը` դիմորդին» խորագրին, առջևում ևս հետաքրքիր ու գործնական խորհուրդներ կան քեզ համար:
Շարունակելի…
Հ.Գ. Խորագրի ներքո ներկայացրել ենք մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ֆինանսական ֆակուլտետների շրջանավարտների խոսքըը (տե′ս ակտիվ հղումներով): Իսկ ՀՊՏՀ մյուս 2 ֆակուլտետների` կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի շրջանավարտների խոսքը` շուտով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին