ՀՊՏՀ-ում մեկնարկում է առկա մագիստրատուրայի ընդունելությունը. hայտագրումն՝ առցանց, մանրամասները՝ կից

Դիտումների քանակ՝ 4340

Սիրելի դիմորդներ, 2020թ. հունիսի 16-ից ՀՊՏՀ-ում մեկնարկում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը:

Առկա մագիտրատուրայի ընդունելության գործընթացն իրականացվելու է առցանց՝ բուհի պաշտոնական կայքում հատուկ բացված պորտալի միջոցով, ուր կարող եք այցելել հետևյալ հղումով:

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ ընդունելության կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2019/2020 ուսումնական տարվա համապատասխան որակավորման աստիճան ունեցող այն շրջանավարտները, որոնց դիպլոմի հավելվածում գրանցված ուսումնառության բոլոր կիսամյակների հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 17,01: Թափուր տեղերի առկայության դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև տվյալ որակավորման աստիճան ունեցող այլ բուհեր ավարտած դիմորդները։

Մագիստրատուրայի ընդունելության պայմաններին, պահանջվող փաստաթղթերին և բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ տեղերի համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են առցանց, 2020թ. հունիսի 16-30-ը ներառյալ:

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ տեղերի համար փաստաթղթերն ընդունվում են երկու փուլով՝

  • 1-ին փուլ -  ս/թ հունիսի 16- 30-ը ներառյալ
  • 2-րդ փուլ - ս/թ օգոստոսի 1-26-ը ներառյալ

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար ՀՊՏՀ կամ այլ բուհերի համապատասխան որակավորման աստիճան չունեցող դիմորդները հանձնում են ըստ կրթական ծրագրերի համապատասխան շեմային քննություն: Յուրաքանչյուր կրթական ծրագրի շեմային քննությանը և հարցաշարերին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով, իսկ մասնագիտություններին, կրթական ծրագրերին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրոսական կրթության այլ մանրամասների, այդ թվում՝ կրթական ծրագրերին, կարող եք ծանոթանալ կայքի «Մագիստրատուրա» բաժնում:

Սիրելի դիմորդներ, հիշեցնենք նաև, որ ընդունելության գործընթացին վերաբերող հարցերի դեպքում կարող եք գրել հատուկ այս տարվա ընդունելության համար բացված ՀՊՏՀ դիմորդ 2020-2021 ֆեյսբուքյան խմբում, որտեղ ձեզ հուզող հարցերը կպարզաբանեն հանձնաժողովում ընդգրկված խորհրդատուները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին