ՀՊՏՀ ներկայացուցիչը հարկային համակարգի հիմնախնդիրների շուրջ դասախոսել է Վառնայի տնտեսագիտական համալսարանում

Դիտումների քանակ՝ 1747

Եվրոպական համալսարանների հետ ՀՊՏՀ գործակցությունը շարունակաբար ընդլայնվում է: «Էրազմուս+» ծրագրով մեր բուհից հերթական դասախոսական այցը դեպի Վառնայի տնտեսագիտական համալսարան (Բուլղարիա) է եղել: Մայիսի 27-31-ը ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աննա Սարգսյանն այնտեղ դասախոսել է «Հարկային բարեփոխումները Հայաստանում» և «Հարկման միկրո և մակրո մոդելներ» թեմաներով:

Մեզ հետ զրույցում Աննա Սարգսյանն ասաց, որ բացի բակալավրիատի ուսանողներից, իրեն ունկնդրել են տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնների դասախոսներ ու ասպիրանտներ: Հաջորդիվ մեր պատվիրակը հանդիպումներ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Կալոյան Կոլևի հետ, քննարկել միջբուհական համագործակցության ուղիները, առարկայական ծրագրերի, կրթական համակարգի, տնտեսագիտական կրթության արդի խնդիրների, հետազոտական ծրագրերում համատեղ մասնակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր։

Այցի շրջանակում Աննա Սարգսյանը ծանոթացել է Վառնայի տնտեսագիտական համալսարանի «Գլոբալիզացիայի և արտասահմանյան ուղղակի ներդրումներ» հետազոտական կենտրոնի աշխատանքներին։ Կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Զոյա Մլադենովայի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հետազոտական աշխատանքների ոլորտում գործակցելու վերաբերյալ։

Հավելենք, որ ընթացիկ կիսամյակում Վառնայի տնտեսագիտական համալսարանում ուսումնառում են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհիներ Արփինե Թադևոսյանը և Սրբուհի Չալիկյանը, որոնց հետ Աննա Սարգսյանն առանձին հանդիպում է ունեցել (տե'ս վերջին լուսանկարներում): Դասախոսը ուսանողներից հետաքրքրվել է նրանց ուսման ընթացքի, հանդիպած դժվարությունների, ձեռքբերումների մասին: ՀՊՏՀ-ականները դասախոսի հետ զրույցում նշել են, որ Վառնայի տնտեսագիտական համալսարանում գնահատման ճկուն համակարգ է գործում, որը ցանկալի է տեղայնացնել նաև հարազատ համալսարանում: Նրանք հայտնել են նաև, որ այս կիսամյակում «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ հաղորդակցվել են ավելի քան 17 երկրներից ժամանած ուսանողների հետ, ինչը զարգանալու, ավելին սովորելու, փորձի և մշակութային փոխանակության բացառիկ հնարավորություն է:

«Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին