Փոխանակման ծրագրով Միշկոլցի համալսարանում էր ՀՊՏՀ դասախոս Մարե Խաչատրյանը

13.12.2021
Դիտումների քանակ՝ 1256

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարե Խաչատրյանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրով գտնվել է Միշկոլցի համալսարանում (Հունգարիա), որտեղ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտացման բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների, ինչպես նաև միջազգային խմբերի մագիստրոսների համար դասախոսել է «Կորպորատիվ ֆինանսներ» առարկայի շրջանակում։ Դասախոսություններն անցել են արդյունավետ, եղել են ակտիվ քննարկումներ, որոշ ուսանողներ հետաքրքրվել են ՀՊՏՀ-ում հետագայում ուսումնառելու հարցով։

Դասախոսություններից զատ, Մարե Խաչատրյանը հանդիպել է համալսարանի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ծանոթացել բուհի կառուցվածքին ու հիմնական գործընթացներին, համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու համաձայնություններ ձեռք բերել։

Որպես հետագա համագործակցության հնարավորություն՝ ՀՊՏՀ գիտնական-մանկավարժն առանձնացնում է Միշկոլցի համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Դանիել Կուտորի հետ հանդիպումն ու համատեղ գիտահետազոտական նախագծի իրագործման նախնական պայմանավորվածությունը։

Մարե Խաչատրյանի փոխանցմամբ՝ նման ծրագրերը ոչ միայն փորձի, գիտելիքի փոխանակման, համալսարանն ու մեր երկիրը ներկայացնելու, այլև նոր ծանոթությունների, համատեղ նախագծերի իրագործման հնարավորություն են ընձեռում։