ՀՊՏՀ ուսանող Նարեկ Գասպարյանը՝ ֆուտզալի լավագույն մարզիկ, բասկետբոլի աղջիկների թիմը՝ փոխչեմպիոն. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է մարզական խաղերի հաղթողներին
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերն ամփոփված են։ 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ շաբաթներ շարունակ պայքարեցին Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերում հաղթական գավաթ նվաճելու համար։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։ Ծրագրի շրջանակում անցկացված աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով։
Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրավեցին համապատասխանաբար Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմերը։
Նախարարը հուշանվերներով պարգևատրեց խաղերի լավագույն մարզիկներին։ Ֆուտզալ մարզաձևում լավագույն մարզիկ ճանաչվեց ՀՊՏՀ ուսանող Նարեկ Գասպարյանը, վոլեյբոլում՝ Վիկա Կոշկարյանը (ԵՊՀ) և Վահե Նազարյանը (ՀՖԿՍՊԻ), բասկետբոլում՝ Արևիկ Ճշմարիտյանը (ՀՖԿՍՊԻ) և Մխիթար Վարդանյանը (ՀՖԿՍՊԻ):
Նախարարության կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին նաև խաղերի ծրագրով նախատեսված 8 մարզաձևերի գլխավոր մրցավարները, խաղերում լավագույն արդյունք ցույց տված բուհերը։
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքները գոհացուցիչ է համարում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ և ՀՊՏՀ ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը։ Վերջինս փաստում է, որ Տնտեսագիտականը մասնակցել է մարզական խաղերի ծրագրով նախատեսված բոլոր 8 մարզաձևերի առաջնություններին․ «Ընդհանուր առմամբ, 22-րդ ուսանողական խաղերը կայացած միջոցառում եմ համարում։ Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել բոլոր խաղերին։ Իհարկե, հատկապես կարևորում եմ ֆուտզալ մարզաձևում «ՀՊՏՀ Երևան» թիմի գրանցած հաջողությունը, բայց պակաս տպավորիչ չէր նաև բասկետբոլի մրցումների աղջիկների պայքարում մեր մարզուհիների ցուցադրած խաղը, որտեղ զիջեցինք միայն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին՝ դառնալով փոխչեմպիոն: Գոհացուցիչ են նաև բազկամարտի, ուժային եռամարտի, սեղանի թենիսի, վոլեյբոլի մրցումներում ՀՊՏՀ մարզիկների գրանցած հաջողությունները»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ մարզիկներն այս պահին հրաշալի մարզավիճակում են և նախապատրաստվում են ձմեռային մարզաձևերի փառատոնին, որը տեղի կունենա Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկային սպորտի կենտրոնում մինչև տարեվերջ։