Գրող և տնտեսագետ Մարկ Արենը ՀՊՏՀ-ում բացահայտեց գործարարի, գրողի և մարդու իր ֆենոմենը
Մարկ Արենը կրկին Հայաստանում է։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ անատոլիական պատմություն» վիպակը, որի շնորհիվ արձակագիրը նվաճեց հայ ընթերցողի սիրտը, հրատարակվել է 2008 թվականին, դրանից հետո վերահրատարակվել մի քանի անգամ։ Իհարկե, անատոլիական պատմությունից հետո Մարկ Արենը էլի վեպեր է հեղինակել՝ «Վիլ-Էվրար», «Քառյակը», «Տելեպորտացիա», «Սուրբծննդյան հրեշտակը», բայց հայատյաց թուրքի ապրումները, ով կյանքի մայրամուտին հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են, մինչ այժմ հայ ընթերցողին առավելագույնս հուզած նրա ստեղծագործությունն է։
Քչերը գիտեն, որ Մարկ Արենը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Այս հանգամանքն էլ առիթ հանդիսացավ, որ ճանաչված գրողը հյուրընկալվի Տնտեսագիտական մայր կրթօջախում։ Դեկտեմբերի 14-ին սիրված հեղինակին անձամբ տեսնելու և նրա հետ շփվելու հնարավորությունն ունեցան ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները։ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում։
Ողջունելով նշանավոր գրողին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հիշեցրեց, որ տնտեսագետ Կարեն Մարգարյանը, որ հայտնի է Մարկ Արեն գրական կեղծանվամբ, տնտեսագիտության ոլորտում մի շարք լուրջ նվաճումներով է հայտնի և նրա հետ հանդիպումը օգտակար և ուսուցողական կլինի ուսանողների համար։
«Մասնագիտական հանդիպումներից բացի, մենք կարևորում ենք նաև մշակութային նմանօրինակ միջոցառումները, քանի որ ապագա տնտեսագետը պետք է լինի ոչ միայն ոլորտի նեղ մասնագետ, այլ նաև բազմակողմանի զարգացած անհատ»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպմամբ մի նոր բարեկամության և համագործակցության սկիզբ կդրվի։
Պարզվում է՝ գրողի կերպարի տակ թաքնված է բավական հաջողակ տնտեսագետ, բայց տնտեսագիտությունը, Մարկ Արենի փոխանցմամբ, իր մի քանի մասնագիտություններից մեկն է։ «Սկզբում զբաղվել եմ ճշգրիտ գիտություններով, բայց դա թույլ չէր տալիս, որ իմ ստեղծագործական միտքը զարգանա։ Ու հասկացա, որ պետք է զբաղվեմ գրական գործունեությամբ։ Նոտաները չգիտեի, որ երգ ստեղծեի, տառերը գիտեի և որոշեցի գրել»,- խոստովանում է գրողը։
Ինչո՞ւ վերցրեց Մարկ Արեն գրական կեղծանունը։ Արձակագիրը խոստովանում է՝ գրական մուսան վեճի էր բռնվել գիտական մուսայի հետ, ստիպված է կատարել այդ քայլը. իբրև ստեղծագործող ինքը Մարկ Արեն է, իբրև գիտության մարդ՝ Կարեն Մարգարյան։ Երբ հոգնում է կառավարումից, հանգստությունն է գտնում գրական կամ գիտական աշխատանքում, երբ «ձանձրանում է» հերոսների անգործությունից, դարձյալ վերադառնում է բիզնեսի ոլորտ։ Իսկ բիզնեսը նրա համար և´ արհեստ է, և´ արվեստ․ բիզնեսի մեջ պետք է լինել և´ լավ արհեստավոր, և´ արվեստագետ։
Ապագա տնտեսագետների հետ անկեղծանում է՝ կյանքը քննություն է, որի հարցատոմսերը չկան, ու դու չես կարող դրան նախապատրաստվել, քննություն, որը չունի սևագիր, այդ պատճառով պետք է օգտագործել այն բոլոր իմաստությունները, որոնց հետ ծանոթանում ենք գրքերում։
«Այն ամենը, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր չկարդացած գրքերի վրեժն է»․ սա է գրողի համոզմունքը։
Հանդիպման ավարտին Մարկ Արենը սիրով պատասխանեց նաև մեր հարցերին։ Նշանավոր գրողի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկա օրերին։