ՀՊՏՀ դասախոս Վահրամ Նալչաջյանը՝ միջբուհական խաղերի արագ շախմատի առաջնության հաղթող
«Դասախոսական գավաթ» միջբուհական ամենամյա մարզական խաղերի շրջանակում հունվարի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) շախմատի լսարանում կայացավ արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի դասախոսներ։
Տղամարդկանց պայքարում ՀՊՏՀ-ն ներկայացնում էր տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ Վահրամ Նալչաջյանը, ով փայլուն հաղթանակ տարավ՝ դառնալով «Դասախոսական գավաթ-2022»-ի հաղթող։
Տղամարդկանց պայքարում երկրորդ տեղը գրավեց ՀԱԱՀ-ի ներկայացուցիչ Կարեն Չախոյանը, երրորդ հորիզոնականը՝ Կարապետ Կոգարովը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ)։
Կանանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճեց ՀԱԱՀ ներկայացուցիչ Հերմինե Մխիթարյանը, երկրորդ տեղը գրավեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչ Թամարա Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող Մարգարիտա Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ «Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերը մեկնարկել են հունվարի 25-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 4-ը։ Ամենամյա մարզական միջոցառմանն այս տարի մասնակցում են հանրապետության 15 բուհերի շուրջ 300 դասախոսներ և աշխատակիցներ։