ՀՊՏՀ մագիստրանտը 49 օր դիրք է պահել. առաջնագծում՝ որպես կամավոր

08.12.2020
Դիտումների քանակ՝ 1609

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սերգեյ Չոբանյանն այսօր ՀՊՏՀ էր եկել՝ համալսարանից կարոտն առնելու: Նա որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, 49 օր շարունակ հսկել Մատաղիսի հարակից բարձունքը (Մարտակերտի շրջան):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Սերգեյին հրավիրել է զրույցի, խոսել պատերազմի, հայրենասիրության, որակյալ կրթություն ստանալու կարևորության մասին: Սեպտեմբերի 29-ին, պատերազմից 2 օր անց, Սերգեյը Արցախ մեկնելու որոշում է ընդունել: Նա հրետանավոր է, 2015-2017թթ. ծառայել է բանակում, և մեկնել էր պատերազմ՝ իր զինվորական գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու: Ինչպես նա նշեց՝ պատերազմում միացել է ժամկետային զինծառայողներին, նրանց հետ սահմանը հսկել որպես ավագ հրաձիգ: Դիրքը, որն իր զինակիցների հետ պահել է Սերգեյը, անառիկ է մնացել:

«Իմ դիտարկմամբ, այս պատերազմում մենք հաղթել ենք մահին, եթե կանք, ուրեմն հաղթել ենք: Մեկնելիս վայրկյան անգամ չեմ վարանել, իսկ այժմ հպարտ եմ, որ մեր պահած դիրքը կանգուն է և մերն է: Պատերազմի մասին շատ եմ մտորել, հակասական զգացողություններ ունեմ»,-պատմում է մեր կամավոր-ուսանողը: Հրադադարի հաստատումից հետո էլ բարձունքը հսկող տղաները մնացել են տեղում՝ նկատի առնելով պատերազմի վերսկսման հավանականությունը: «Տուն վերադարձանք 49 օր անց, երբ ամեն ինչ ավարտվեց»,-ասում է Սերգեյը: Իսկ թե որն է հետպատերազմական երկրում առաջընթացի ուղին, ՀՊՏՀ մագիստրանտը վճռականորեն նշում է՝ կրթությունը, որակյալ կրթությունը, որը կարող է տնտեսություն, բանակ, հասարակություն հզորացնել. «Մենք պետք է իմանանք մեր անելիքը: Այժմ մեր հասարակությունն ավելի շատ պետք է կարևորի ռազմահայրենասիրության, հայոց պատմության, Հայաստանի աշխարհագրության դերն ու նշանակությունը: Յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, բոլոր ոլորտներում պետք է տվյալ գործի գիտակ մասնագետներ լինեն: Այս ամենի հիմքում, իհարկե, լավ կրթությունն է»: Իսկ պատերազմի մասին ասելիք շատ կա, մտքերը հախուռն են… Գովելին այն է, որ Սերգեյն իր կամքով մեկնել է առաջնագիծ ու մնացել մինչև վերջ. նման հայրենանվեր տղաների շնորհիվ ենք հզոր: Սերգեյ Չոբանյանին մաղթում ենք ամենայն բարիք և հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին