«Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում». ՀՊՏՀ-ում վերապատրաստվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները

07.12.2020
Դիտումների քանակ՝ 1167

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» խորագրով վերապատրաստման դասընթացը, որը նախատեսված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 10 աշխատակցի համար: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը, ովքեր ողջունեցին դասընթացի մասնակիցներին: Արմեն Գրիգորյանն իր խոսքում հույս հայտնեց, որ մեկնարկող համագործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի:

Դասընթացավարը մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սիմոն Իսկաջյանն է, ծրագիրը մշակվել է նրա և Վադիմ Գրիգորյանի կողմից: Ինչպես մեզ հայտնեց Վադիմ Գրիգորյանը, դասընթացը ներառում է «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում», «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը», «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգի համալիրի (ծրագրի) մշակումը», «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» հիմնական թեմաները:

«Տնտեսագիտական մայր բուհը, ինչպես գիտեք, բավական հաջող դիրքավորվել է կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների կազմակերպման շուկայում: Այս նախաձեռնությունը պետք է դիտարկել այդ գործընթացի համատեքստում, սակայն հարկ է ընդգծել, որ սա կորպորատիվ համագործակցության մեր առաջին փորձն է, երբ դասընթացը կազմակերպվում է կոնկրետ ընկերության հետ, տվյալ ընկերության աշխատակիցների համար: Առաջիկայում մեր օրակարգում են նոր կարճաժամկետ դասընթացներ, որոնք կվերաբերեն ծրագրավորման ոլորտին և որոնց մասին մենք պատշաճ կծանուցենք լայն հանրությանը»,-մեզ հետ զրույցում ասաց Աղավնի Հակոբյանը:

Նշենք, որ «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացն իրականացվում է ՀՊՏՀ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում: Վերապատրաստումը կազմակերպվում է 5-ական խմբերով: Մասնակիցները կստանան հավաստագրեր:

Շնորհավորում և բարի երթ ենք մաղթում դասընթացի մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին