Ամփոփվեց մարքեթինգի մասնագիտական վերապատրաստման դասընթացը

17.12.2021
Դիտումների քանակ՝ 1255

Մարքեթինգի մասնագիտական վերապատրաստման դասընթացի 16 մասնակիցները երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ստացան վկայականներ։ Դասընթացը կազմակերպվել էր հոկտեմբերի 25-29՝ մարքեթինգի ամբիոնի դասախոսների համար։ Դասընթացավարն էր ՀՊՏՀ շրջանավարտ, այժմ՝ ոլորտում կայացած մասնագետ, Metrica Group-ի համահիմնադիր և Chief Growth Hacket Արմեն Ավագ Ավագյանը։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ արդյունքները հիմնականում գոհացուցիչ են, ու եթե խնդիրներ էլ կան, ապա դրանք կարելի է շտկել վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտելիքների թարմացման շարունակական գործընթացի շնորհիվ։ Ռեկտորը տեղեկացրեց, որ այս համատեքստում ՀՊՏՀ-ում նախատեսվում են նաև կրթական ծրագրերի բարեփոխումներ և գրադարանը համապատասխան գրականությամբ համալրելու գործընթաց։

«Մարքեթինգը, այս առումով, խնդրահարույց է այնքանով, որ դինամիկ զարգացող մասնագիտություն է, և հայերեն թարգմանված գրականության առումով մենք երբեմն պարզապես չենք հասցնում ժամանակին համընթաց քայլել։ Խրախուսելով անգլերենով և ռուսերենով մասնագիտական գրականությունից օգտվելը՝ մենք, միևնույն ժամանակ, պատրաստ ենք ջանքեր ներդնել հայերեն թարգմանված գրականությամբ մեր գրադարանը համալրելու ուղղությամբ»,-ասաց Դիանա Գալոյանը։

Ռեկտորը նաև գոհունակությամբ շեշտեց, որ վերջին երկու տարիների ընդունելության արդյունքներով ակնհայտորեն աճում է դիմորդների հետաքրքրությունը մարքեթինգ մասնագիտության նկատմամբ։

«Մարքեթինգն այսօր ամենամրցակցային մասնագիտությունն է մեր բուհում, ինչը նշանակում է, որ պետք է ամեն ջանք գործադրենք՝ մեզ համար առաջնահերթություն հանդիսացող այս մասնագիտական ուղղությունը զարգացնելու, մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Կարևոր է նաև այն փաստը, որ մարքեթինգի ամբիոնի վարիչն ամբողջությամբ ընդունում է մեր այս մոտեցումները և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում»,- հավելեց ռեկտորը։

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը, ընձեռված հնարավորության համար շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ղեկավարությանը, նշեց, որ ինքնազարգացման, կատարելագործման հնարավորություններն անսահման են, ապա հույս հայտնեց, որ ստացած գիտելիքները ամբիոնի դասախոսները արդյունավետ կերպով կկիրառեն մասնագիտական և դասավանդման գործընթացում։

Արմեն Ավագ Ավագյանն էլ ընդգծեց դասախոսների մեծ հետաքրքրությունը դասընթացի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն իր նպաստը կբերի նրանց մասնագիտական զարգացման ճանապարհին։