ՀՊՏՀ-ականները պատվաստվեցին COVID 19-ի դեմ
Տնտեսագիտական համալսարանը միացել է կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարին: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՊՏՀ բուժկետում համալսարանի դասախոսներն ու աշխատակիցները պատվաստվեցին COVID 19-ի դեմ: Գործընթացն իրականացրեցին Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի բուժանձնակազմի 5 ներկայացուցիչները (2 բժիշկ, 2 բուժքույր և մոտքագրող օպերատոր)՝ տնօրեն Գոհար Պետրոսյանի գլխավորությամբ, պոլիկլինիկային տրամադրված պատվաստանյութերով: Սկզբում կատարվում էր նախնական բժշկական զննություն, ստանալով խորհրդատվություն, ապա պատվաստում (պատվաստանյութը՝ այցելուի ընտրությամբ), քաղաքացու տվյալների մուտքագրում:
Ազգային բժշկական պալատի նախագահ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս Նարեկ Վանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», և վերջինիս միջնորդությամբ մեր համալսարանին է կցվել թիվ 16 պոլիկլինիկայի բուժանձնակազմը, որը պատշաճորեն սպասարկեց կամավոր կերպով պատվաստվողներին:
Պատվաստման գործընթացը շարունակական է: Առողջություն ենք մաղթում բոլորին:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին