Փոխըմբռնման հուշագիր. ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև նոր համագործակցության սկիզբ դրվեց

13.09.2021
Դիտումների քանակ՝ 1307

Սեպտեմբերի 13-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսին։

Ողջունելով օտարերկրյա հյուրին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական բուհը կարևորում է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառման և միջազգային կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած տեսակի համագործակցության համար, հատկապես, եթե այդ համագործակցությունը վերաբերում է ուսանողների կրթական և փոխանակման ծրագրերին։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ ծրագրերին. մեր համալսարանը մեծ հաջողությամբ համագործակցում է արտերկրի բուհերի, միջազգային կրթական կառույցների և կազմակերպությունների հետ իրականացվում են «Էրազմուս+» և այլ միջազգային կրթական ծրագրեր։ Այն, ինչ կհետաքրքրի մեր ուսանողներին, բուհը պատրաստ է դիտարկել և խոշորացույցի տակ վերցնել»,- նշեց Դիանա Գալոյանը։

Ալեքսանդրս Փոստսը, իր հերթին, նշեց, որ Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը ևս մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթության մեթոդներին և, այս առումով, երկուստեք շահերը համընկնում են. «Այն, ինչ մենք անում ենք, բխում է ուսանողների շահերից։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ շարունակական կլինի, քանի որ երկուսս էլ մեկ հիմնարար արժեք ունենք՝ որակյալ կրթության ապահովումը»։

Հանդիպման ավարտին կողմերը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որն ազդարարեց ոչ ֆորմալ կրթության ոլորտում ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդրս Փոստսը Հայաստանում է՝ իբրև դասընթացավար մասնակցելու այս օրերին ՀՊՏՀ-ում ընթացող  գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին