Միջազգային կրթական փորձի և փոխանակման ծրագրերի շուրջ հետաքրքրությունը ՀՊՏՀ-ում համախմբել է հայ և օտարազգի ուսանողներին

15.09.2021
Դիտումների քանակ՝ 1281

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այս օրերին հաճելի եռուզեռ է։ Գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի և ՀՊՏՀ-ի համատեղ ջանքերով անցկացվող «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար-դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստանում են տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 երիտասարդներ։ Սեմինարներ, դասընթացներ, նոր ծանոթություններ, զբոսանքներ. աշխատաժողովի մասնակիցների առօրյան բավականին հագեցած է։ Դասընթացներին զուգահեռ արդեն հասցրել են ծանոթանալ Երևանին, լինել մեր երկրի գողտրիկ անկյուններում։

Ռոբերտ Արշակյանը Հայաստանում էլի է եղել, Տնտեսագիտական բուհում առաջին անգամ է։ Ծնունդով Գյումրիից է, 2002 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կիև։ Այժմ սովորում է Կիևի տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետում։ Ամեն տարի աշխատում է գալ Հայաստան, որ, իր խոսքերով, չմոռանա հայրենիքն ու ընկերներին։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ծրագրերին Ռոբերտն առաջին անգամ է մասնակցում։ Ուրախ է, որ հենց Հայաստանն է այն երկիրը, որտեղ պատիվ ունի հյուրընկալվել ծրագրի շրջանակում։ Տպավորությունը ՀՊՏՀ-ից միայն դրական է, ակնկալիքները ծրագրից՝ հեռահար։

«Հայաստանի տնտեսագիտական բուհում մեզ շատ ջերմ ընդունեցին, ուսանողներն այստեղ ժամանակակից են ու նորարար մտածողություն ունեն։ Համալսարանն էլ շատ սիրուն է, գեղեցիկ վերանորոգված, նիստերի սրահն ապահովված է ժամանակակից տեխնիկական միջոցներով. սրանք հանգամանքներ են, որ միգուցե առաջին հայացքից անկարևոր թվան, բայց դրսի հյուրերի համար խիստ էական են»,- asue.am-ի հետ զրույցում անկեղծացավ Ռոբերտը։

Ծրագրից ակնկալիքները մեծ են, ստացած գիտելիքներն ու փորձառությունը Ռոբերտը պատրաստվում է ծառայեցնել միայն ի նպաստ Հայաստանի։

«Մենք պետք է օգտագործենք ամեն մի հնարավորություն մեր երկիրը, տնտեսությունը զարգացնելու, տարածաշրջանում նրա տեղն ու դերը բարձրացնելու համար։ Իսկ երիտասարդությունն այն հենքն է, որն իր վրա կրելու է ապագան կառուցելու դժվար, բայց պատասխանատու գործը։ Գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և էներգետիկա. կարծում եմ՝ սրանք այն ուղղություններն են, որոնք կապահովեն մեր երկրի կայուն զարգացումը։ Այդ առումով, մենք պետք է օգտագործենք Եվրամիության հետ համագործակցելու ամեն մի առիթ»,- համոզված է Ռոբերտը։

Փայլակ Թորոսյանը եգիպտահայ է, ապրում է Գերմանիայում, Բեռլինի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրում։ Արդեն հինգերորդ անգամ է Հայաստանում։ «Աշխատելու հնարավորությունները» սեմինարից մեծ ակնկալիքներ ունի, հայ ուսանողներից շատ բան է սովորել, իր ունեցած գիտելիքներն էլ սիրով փոխանցում է նրանց։

«Ակնհայտ է, որ սեմինարի կազմակերպիչները ջանք չեն խնայում, որ մենք մեզ ավելի հարմարավետ զգանք այստեղ։ Տնտեսագիտական բուհը շատ ջերմ ընդունեց մեզ, այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է, հարմարավետ, բոլոր պայմանները կան՝ մեր հանդիպումներն ու սեմինարներն արդյունավետ անցկացնելու համար»,- նշեց Փայլակը։

Սեմինարի մասնակիցներից Քրիստինա Սոբոլևան առաջին անգամ է Հայաստանում, Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաքից է՝ Սանկտ Պետերբուրգից։

«Ուրախ եմ, որ ընտրվել և այժմ հնարավորություն ունեմ մասնակցելու այս ծրագրին։ Շատ սիրեցի Հայաստանն ու հայերին։ Անգամ եթե անգլերեն չեն խոսում, միևնույնն է՝ լավ հաղորդակցվում ենք, որովհետև իմ մայրենի լեզվով են խոսում և միշտ բարեհամբույր ժպտում են։ Ծրագիրը շատ հագեցած է և, ցավոք, չեմ հասցրել շատ զբոսնել Հայաստանում, բայց հույս ունեմ, որ դեռ կհասցնեմ»,- մեզ հետ զրույցում նշեց ռուսաստանցի հյուրը։

Քրիստինայի հետաքրքրությունների շրջանակը կամավորական աշխատանքներն են։ Օգնում է Հարավային Ասիայի տարածաշրջանի այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք դրա կարիքն ունեն։

«Այս աշխատաժողովները շատ բան են մեզ տալիս, մեծ փորձ և գիտելիքներ ենք ձեռք բերել այս ընթացքում։ Ինքներս պետք է մեզ լավագույնս դրսևորենք, որ կարողանանք օգնել նաև դիմացինին։ Նաև մեծ թվով ընկերներ ու գործընկերներ ենք ձեռք բերել այս ընթացքում, որոնց հետ ապագայում անպայման ընդհանուր ծրագրեր կիրականացնենք»,- վստահ է Քրիստինան։

ՀՊՏՀ-ում հյուրընկալված հայ և օտարազգի ուսանողների հետ առիթ կունենանք զրուցելու նաև առաջիկա օրերին՝ Տնտեսագիտական բուհի և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համատեղ կազմակերպած՝ «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» խորագրով սեմինարի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ից 23-ը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին