ՀՊՏՀ ասպիրանտ Լիանա Իսայանը Վարշավայում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 2244

ՀՊՏՀ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ասպիրանտ Լիանա Իսայանը դեկտեմբերի 5-6-ը մասնակցել է Վարշավայի պետական համալսարանի կազմակերպած «Կովկասը 1991 թ. հետո» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել «Սոցիալական կապիտալի և տնտեսական աճի հետ դրա փոխհարաբերության մասին» (About social capital and its relationship with economic growth (in the Caucasus)) զեկուցմամբ:

Գիտաժողովին մասնակցել են Լեհաստանի, Էստոնայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ներկայացուցիչներ: Լիանա Իսայանի խոսքով՝ մասնակիցների շարքում տարբեր մասնագետներ էին՝ պատմաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ, որոնք հետաքրքիր քննարկումներ են ծավալել տարածաշրջանային խնդիրների մասին: «Քննարկում եղավ նաև չճանաչված պետությունների մասին, ներկաներին հետաքրքրում էր հատկապես հետհեղափոխական Հայաստանը: Շատ տպավորված եմ լեհերի հետաքրքրությամբ մեր երկրի նկատմամբ, նրանք շատ տեղեկացված էին մեր երկրից ու նաև հետաքրքրված ներկա իրողություններով»,- ասաց մեր ասպիրանտը:

Լիանա Իսայանը գիտաժողովից վերադարձել է վառ տպավորություններով, ուրախ է, որ առիթ է ունեցել ներկայանալու իր գիտական թեմային առնչվող զեկուցմամբ: Պատրաստվում է նաև հոդված ներկայացնել գիտաժողովի ժողովածուում տպագրելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին