ՀՊՏՀ-ում սկսվեց «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը՝ առողջապահական ոլորտի ղեկավար անձնակազմի համար

Դիտումների քանակ՝ 2622

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ազգային Բժշկական Պալատի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում տրվեց «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի մեկնարկը: Սա Տնտեսագիտական համալսարանի կարճաժամկետ դասընթացների շարքից հերթականն է, որի շահառուներն են ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ-ին վստահելու համար: Համալսարանի ղեկավարը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը դիրքավորվում է կարճաժամկետ վերապաստրաստման դասընթացների շուկայում և արդեն իսկ սկսել է մի շարք դասընթացներ, սակայն առողջապահության ոլորտում սա առաջին ծրագիրն է: Դիանա Գալոյանը նաև նշեց, որ այս ոլորտում ՀՊՏՀ-ն մտադիր է շարունակել իր գործունեությունը և նոր ուսումնական տարվանից հնարավոր է ներդրվի առողջապահական ոլորտին ուղղված նոր մագիստրոսական կրթական ծրագիր:

Ազգային Բժշկական Պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին՝ հյուրընկալ միջավայրում մասնակիցներին ընդունելու համար, ինչպես նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնին՝ նախագծի կազմակերպումն իրականացնելու համար: Նարեկ Վանեսյանը նշեց, որ ՀՊՏՀ ղեկավարության կողմից առողջապահական ոլորտի նման դասընթացի կազմակերպումը համարում է հերոսություն: Նրա խոսքով, դասընթացի մասնակիցների ճնշող մեծամասնությունը բժշկական կենտրոնների ղեկավար անձինք են, ինչը դասընթացի կազմակերպիչների համար պարտավորեցնող է: «Այս ծրագրի յուրահատկությունն այն է, որ առարկայական կերպով տեղայնացված է մեր առողջապահական իրականությունում»,- ասաց Նարեկ Վանեսյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի ավարտին բարձրակարգ մասնագետների շնորհիվ մասնակիցներն իրենց կազմակերպություններ կվերադառնան նոր փորձով և հմտություններով հարստացած:

Նշենք, որ դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։ Յուրաքանչյուր դասընթացի օրվա ընթացքում ձեռքբերված գիտելիքների հիման վրա մասնակիցը յուրաքանչյուր օրվա վերջում կատարելու է խմբային կամ անհատական աշխատանք՝ կոնկրետ բժշկական հաստատության կամ նրա ստորաբաժանման օրինակով։

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռքբերված գիտելիքներով կարողանալու են ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ նրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, մշակել նրանում կատարվող գործընթացները, կարողանալու են կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները, ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառել տարբեր մակարդակների կառավարման գործընթացում, ստանալու են խթան և պրակտիկ գործիքակազմ՝ հիմնավորված փոփոխություններ կատարելու իրենց կազմակերպությունում, մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն, առաջնորդել այդ ռազմավարությունն ու հետևել նրա ճիշտ և գրագետ կատարմանը։ Դասընթացը կազմակերպվում է մայր տնտեսագիտական ԲՈՒՀ-ում։ Դասընթացը վարելու են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները։

Հիշեցնենք, որ կարճաժամկետ դասընթացները ՀՊՏՀ-ում կազմակերպում է արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին