ՀՊՏՀ դասախոսն այցելել է Դեմոկրիտի համալսարան

17.05.2023
Դիտումների քանակ՝ 954

«Էրազմուս+»-ի դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը մայիսի 8-12-ը գտնվել է Թրակիայի Դեմոկրիտի համալսարանում (Հունաստան):

Տնտեսագիտության դեպարտամենտի 1-ին կուրսերում «Մաթեմատիկա 2» առարկայի շրջանակում Մհեր Աղալովյանը դասախոսել է «Ինտեգրալներ», «Շատ փոփոխականների ֆունկցիաներ», «Գծային հանրահաշիվ» թեմաներով՝ անդրադառնալով տնտեսագիտության մեջ դրանց կիրառություններին։ Ինտերակտիվ դասերն ընթացել են ուսանողների հետ ակտիվ հարցուպատասխանով, մտքերի փոխանակմամբ։

ՀՊՏՀ գիտնական-մանկավարժը գործնական հանդիպումներ է ունեցել Դեմոկրիտի համալսարանի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, առանձնազրույցներ՝ բուհի կառավարման խորհրդի անդամ Էվանգելոս Դրումբետասի և տնտեսագիտության դեպարտամենտի տնօրեն Դիմիտրիոս Դիմիտրիուի հետ, քննարկել համատեղ նախագծերի իրականացման, դասավանդման մեթոդաբանության, փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր։

Մհեր Աղալովյանի փոխանցմամբ՝ այցը նշանակալի էր հատկապես մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման, գործընկերային կապերի հաստատման տեսանկյունից։ «Դասախոսների փոխանակային ծրագրով սա իմ չորրորդ այցն էր Հունաստան, բայց ամեն անգամ նոր տպավորություններով եմ վերադառնում։ Հետաքրքիր ու հաճելի է շփվել Հայաստանի մասին լավագույնս տեղեկացված, մեր ազգի պատմությունը հրաշալիորեն իմացող հույն ուսանողների հետ։ Դա հատկապես դրսևորվեց Հայաստանի, Արցախի և մեր համալսարանի վերաբերյալ շնորհանդեսների ժամանակ, որոնց ուսանողները մեծ ոգևորությամբ էին հետևում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ դասախոսը։