ՀՊՏՀ ռաֆտինգի թիմը՝ միջբուհական առաջնության հաղթող

20.05.2021
Դիտումների քանակ՝ 1079

ՀՀ բուհերի ուսանողական մարզական 21-րդ խաղերի շրջանակում երեկ՝ մայիսի 19-ին, Լոռու մարզում (Դեբեդ գետում) կայացել է ռաֆտինգի առաջնություն, ՀՊՏՀ թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը։

Առաջնությանը մասնակցել են 6 ուսանողական թիմեր, այդ թվում՝ 2-ը ՀՊՏՀ-ից, 2-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), 1-ը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից (ՀՖԿՍՊԻ) և 1-ը՝ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնից։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ ՀՖԿՍՊԻ և ՀԱՊՀ թիմերը։

Մեր 2 թիմերին մարզել է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը, հաղթել է ՀՊՏՀ 1-ին թիմը, որի կազմում էին ուսանողներ Շաքրո Գրիգորյանը, Տաթև Հակոբյանը, Օսկար Այվազյանը, Արմեն Համբարյանը և մարզիչ Արման Գույլանը։

«Ռաֆտինգը թիավարության տեսակ է, այն, մարզաձև լինելուց բացի, էքստրեմալ սպորտ է, և բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր մարզասեր ուսանողության շրջանում։ Ուզում եմ նշել, որ առաջնությունն իրականացվել է Ռաֆտինգի հայկական ազգային ֆեդերացիայի գործուն ջանքերով, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Պատշաճ հյուրընկալությունն իրականացրել է ռաֆտինգի «Նոյ» ակումբը։ Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

Տեղեկացնենք, որ մայիսի 26-27-ին կեզրափակվի 21-րդ ուսանողական խաղերի գարնանային փուլը, խաղերը կվերսկսվեն նոր ուսումնական տարում։

Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին և նվաճումներ մաղթում առաջիկա առաջնություններում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին