ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց ՀՊՏՀ «Нар-Xоз» թիմին
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հյուրընկալեց ՀՊՏՀ Ուրախների և հնարամիտների ակումբի «Нар-Xоз» թիմին և շնորհավորեց երեկ՝ մարտի 27-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ՈՒՀԱ մրցույթում հաղթելու և «КВН Երևանի գավաթ»-ը նվաճելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր շնորհաշատ 8 ուսանողներից կազմված թիմը (թիմի ավագ՝ Գրիշա Գևորգյան) լավագույնն է ճանաչվել Երևանի պետական, Հայ-Ռուսական, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերի և Հայաստանի աղջիկների ազգային հավաքականի հետ մրցապայքարում:
Համալսարանի ռեկտորը հետաքրքրվեց խաղի ընթացքով, թիմի անելիքներով, ապա խոստացավ՝ բուհը կաջակցի թիմին հետագա մրցապայքարում ևս: «Ես շատ ուրախ եմ, որ որևէ ամբիոնից հնչում է մեր համալսարանի անունը և ուրախ եմ, որ մեր ուսանողները հաջողություններ են արձանագրում նաև այս ոլորտում, ինչը վկայում է մեր ուսանողների հումորի, ինտելեկտի և հնարամտության մասին»,- ասաց Կորյուն Աթոյանը:
ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին՝ մշտապես աջակցելու համար:
Այս թեմայով մեր նախորդ հրապարակմանը ծանոթացեք այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին