Նոր բովանդակություն՝ հին հասցեով. գործարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր կայքը
Հարգելի այցելուներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական նոր կայքը՝ asue.am հասցեով:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով որդեգրել է հաշվետու աշխատաոճ և մեծապես կարևորում է համալսարան-հասարակություն հետադարձ կապը, մշտապես ուշադիր է համալսարանի հանրային աշխատանքների նկատմամբ: Եվ նրա իսկ հանձնարարությամբ և նախաձեռնությամբ վերջին ամիսներին սկիզբ առած մեծածավալ աշխատանքն այսօր տվել է իր արդյունքը: Պահպանելով համալսարանի պաշտոնական կայքի հին հասցեն, որն իր կողմն էր գրավել հազարավոր այցելուների և տարեկան ապահովում էր շուրջ 500 հազար ընթերցողի այցելություն, այսօր ներկայացնում ենք տեխնիկապես հագեցած և վերազինված, բովանդակային նոր սպասարկմամբ, տեղեկատվական և ինֆորմացիոն հոսքերի թարմացմամբ էլեկտրոնային նոր բովանդակություն:
«Հաշվի առնելով էլեկտրոնային տիրույթում նորօրյա զարգացումները՝ փորձել ենք առավելագույնս ժամանակակից մոտեցումներ կիրառել: Մեր ծրագրավորողները շրջանցել են աշխարհում առավել խոցելի համարվող մոդելներով ստեղծվող վեբ-կայքերի ծրագրերը և հենց անվտանգության պահանջները հաշվի առնելով՝ կատարել են մաքուր ծրագրային կոդով ստեղծվող աշխատանք: Նոր կայքն ունի հեռախոսային (mobail) տարբերակ, որի կարևորությունը մեր օրերում խիստ պահանջված է, քանի որ 2016թ. Google-ը հայտարարեց Mobile-First ինդեքսացիայի մասին։ Պատճառը պարզ էր՝ հեռախոսով որոնումների քանակը հետզհետե շատանում էր: Այս ամենից ելնելով Google-ը խորհուրդ է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում կարգավորել բոլոր առկա խնդիրները կապված հեռախոսային սարքավորումների հետ, ինչը որ մենք արեցինք»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տված հարցազրույցում ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։
ՀՊՏՀ նոր կայքը շահեկանորեն տարբերվում է նախորդից ոչ միայն իր ձևավորմամբ և տեխնիկական լուծումներով, այլև նոր հնարավորություններով, որոնք կապված են համացանցային տիրույթում մատչելի որոնելիության, կարդացված և տարածված նյութերի հետ հաշվարկի պատկերի ամբողջացմամբ, ըստ խորագրերի՝ բովանդակային հասանելիության հետ: Ներդրվել է ևս մեկ հնարավորություն. այսուհետ, սիրելի այցելուներ, կարող եք մեր նորություններն ու հայտարարությունները ստանալ Ձեր Էլ.փոստի հասցեին՝ բաժանորդագրվելով մեր կայքին:
«Թարմացվել է կայքի բովանդակությունը, փոխվել են շեշտադրումները, առաջին պլան են բերվել համալսարանի զարգացման համար գերակա համարվող ուղղությունները: ՀՊՏՀ պաշտոնական կայքում որպես առանձին կայք սպասարկվում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կայքը, առաջ են բերվել միջազգային ծրագրերին, ուսումնական-կրթական գործընթացներին և գրադարանային սպասարկմանը վերաբերող տեղեկությունները: Դրանք ևս առանձին և համապարփակ՝ հեշտ փնտրելի ձևով ներկայացված են գլխավոր էջի առաջին սյուներում: Եվ այս ամենն արվել է նախորդ կայքի զուգահեռ սպասարկումն ապահովելով: Իհարկե, առաջիկա շրջանը մեզ համար կշարունակի լինել լարված, քանի որ մենք ձգտելու ենք փոխել և թարմացնել նախորդ 6-7 տարիներին կայքում ներբեռնված ամբողջ բովանդակությունը: Առավել ինտենսիվացվելու են նաև կայքի ռուսերեն և անգլերեն էջերի աշխատանքները»,- նշեց լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը և մյուս բոլոր ստորաբաժանումներին աջակցության և համագործակցության համար:
Սիրելի այցելուներ, մենք շատ ենք կարևորում ձեզ հետ մեր հետադարձ կապը և մեր օրական աշխատանքի մի զգալի հատվածը նվիրվում է ձեր նամակներին, հարցերին ու դիտարկումներին արձագանքելուն: Նոր կայքի բարելավման գործում ձեր դերակատարումը ևս կարևորում ենք, ուստի սպասում ենք ձեր նամակներին մեր բաժնի անխափան գործող news@asue.am հասցեով, ինչպես նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջի մեր հասցեով՝ asue.info@gmail.com:
Բարի գալուստ ՀՊՏՀ նորաբաց կայք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին