«Нар-Xоз»-ը՝ «КВН Երևանի գավաթ»-ի հաղթող

Դիտումների քանակ՝ 1011

Երեկ՝ մարտի 27-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ՀՊՏՀ Ուրախների և հնարամիտների ակումբի «Нар-Xоз» թիմը հաղթող է դարձել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ՈՒՀԱ մրցույթում` նվաճելով «КВН Երևանի գավաթ»-ը: Մեր շնորհաշատ 8 ուսանողներից կազմված թիմը (թիմի ավագ՝ Գրիշա Գևորգյան) լավագույնն է ճանաչվել Երևանի պետական, Հայ-Ռուսական, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերի և Հայաստանի աղջիկների ազգային հավաքականի հետ մրցապայքարում:
Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ Ուրախների և հնարամիտների ակումբների մրցելույթներում տևական դադարից հետո երեկ մեծ հպարտությամբ և հիացմունքով են հետևել «Нар-Xоз»-ի հաղթական խաղին և նոր սպասումներով են համակվել:
«Երևանի քաղաքապետարանի «КВН Երևանի գավաթ»-ն անցկացվում է առաջին անգամ, այն բաղկացած է 3 փուլից, հաջորդը տեղի կունենա մայիսին, իսկ հոկտեմբերին կայանալիք 3-րդ փուլը նվիրված կլինի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Մեր թիմի նոր վերելքին պիտի հետևենք մեծ խանդավառությամբ և աջակցենք նրանց հաջողությունների ու հաղթանակների կերտմանը»,-ասաց Հովհաննես Հարությունյանը:
Շնորհավորում ենք «Нар-Xоз» թիմի անդամներին և նրանց երկրպագուներին՝ մաղթելով անսպառ հումոր, ստեղծագործ ոգի, նորանոր հաջողություններ ու մեծ բեմեր:

Լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին