ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ավանդական շրջայցով հանդիպեց առաջին կուրսեցիներին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2165

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի, ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի, դեկանների ուղեկցությամբ այսօր սեպտեմբերմեկյան հանդիսավոր միջոցառումից հետո շրջեց ֆակուլտետներում, հանդիպես առաջին կուրսեցիների հետ:

Շնորհակալություն հայտնելով Տնտեսագիտական համալսարանն ընտրելու համար՝ բուհի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորեց նորեկներին, մաղթելով բովանդակալից ուսումնառություն, հիշարժան ուսանողական տարիներ:

«Ես խոստանում եմ, որ մեր բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը իր բոլոր ջանքերը կներդնի՝ ձեզ որակյալ կրթություն մատուցելու, ձեր ուսումնառության տարիները լավագույնը դարձնելու համար, իսկ մնացածը ձեր ձեռքում է, ձեր նպատակադրումները պետք է լինեն գիտելիք ձեռք բերելուն ուղղված: Վայելեք նաև ուսանողական կյանքը, որովհետև սրանք ձեր կյանքի ամենաանհոգ տարիներն են»,- ասաց ռեկտորը: Այնուհետև ռեկտորը, պրոռետորն ու ՈՒԽ նախագահը հարցեր ուղղեցին առաջին կուրսեցիներին, հետաքրքրվեցին բուհից առաջին տպավորություններով: Ուսանողները տպավորված էին ՀՊՏՀ հիասքանչ բակով:

Նշվեց, որ առաջիկայում կկազմակերպվի ուսանողների հետ հատուկ հանդիպում և առաջին կուրսեցիները, ծանոթացած լինելով բուհին, արդեն կկարողանան ներկայացնել իրենց հուզող հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին