Տնտեսագիտական մայր համալսարանը հանդիսավորությամբ դիմավորեց իր ուսանողներին (լուսանկարների շարք)

Դիտումների քանակ՝ 2468

ՀՊՏՀ բակում օրն այսօր սկսվեց խանդավառությամբ ու բարձր տրամադրությամբ: Համալսարանի 1-ին կուրս ընդունվածներին, նրանց ծնողներին ու ամբողջ ուսանողությանը ողջունելու և շնորհավորելու էին եկել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, դեկանները, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, դասախոսները, աշխատակիցները:
Դիմելով ուսանողներին ու հատկապես առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին՝ ռեկտորը շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի, ուսանողի բարձր կոչումը նվաճելու առիթով և նորեկներին հորդորեց լավ սովորել, լինել կարգապահ և աշխատասեր, արդարացնել ծնողների հույսերն ու երազանքները:
«Դուք գիտեք, որ երկիրը, տնտեսությունը, նրա զարգացումը սկսվում են գիտելիքից ու կրթությունից, և ես ուզում եմ, որ բուհն ավարտելով դուք լինեք մեր երկրի իսկական քաղաքացիներ, կուտակելով գիտելիք ու հմտություն՝ ճիշտ հունով նպատակաուղղեք ձեր ջանքերը և առավելագույնս կիրառեք ձեր մասնագիտական կարողությունները: Բարի երթ եմ մաղթում բոլորիդ և նորանոր հաջողություններ»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը իր ողջույնի խոսքում հատկանշեց, որ ուսանողի կարևորագույն նպատակադրումը պետք է լինի համակողմանի կրթություն ստանալը, վաղվա բարձրորակ մասնագետ դառնալը և հավաստիացրեց, որ Տնտեսագիտական համալսարանում նոր ընդուվածները հուսալի ձեռքերում են:
Հանդիսավոր մասի ավարտից հետո ուսխորհրդականները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին լսարաններ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նորեկներին նվիրեց «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ: Սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք նաև, որ ամսագրի մայիս-հունիսյան համարները կարող եք ձեռք բերել դեկանատներից և միանալով հնչած բոլոր շնորհավորանքներին՝ մաղթում ենք լինել միշտ հուսավառ, զինված ուսումնառելու անարգել մղումով, մրցունակ մասնագետ դառնալու հաստատակամությամբ:
Եվ կրկին հիշեցում՝
համալսարանի կառուցվածքին, կրթաձևերին, մասնագիտություններին, ենթակառուցվածքներին և մյուս բոլոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ, գրադարանին՝ այստեղ, «Ուսանողի ուղեցույցին»՝ այստեղ, հեռակա ուսուցման նոր ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասերի, քննությունների, փորձառության ժամանակացույցին՝ այստեղ, դասացուցակներին՝ այստեղ, ուսման վարձի փոխհատուցման կարգին՝ այստեղ, իսկ ուսման վարձը վճարելու համար հաշվեհամարներին այստեղ
Ուսանողներին և ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր կարգերը և փաստաթղթերը հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում: Ուսման վարձերի վճարման ժամկետների մասին տեղեկատվությունն առկա է «Ուսանողի ուղեցույցում», Համալսարանի գործունեությանը, իրադարձություններին, նորություններին, փաստաթղթերին, հայտարարություններին, դասացուցակներին, քննագրաֆիկներին և համապարփակ այլ տեղեկատվության կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), ինչպես նաև բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Առկա մագիստրատուրայում դասերը 1-ին կուրսերում կմեկնարկեն սեպտեմբերին 10-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին