ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2366

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորանքի խոսք է հղել Գիտելիքի օրվա և ուսումնական տարեսկզբի առիթով, որը ներկայացնում ենք ստորև:

Սիրելի՛ ուսանողներ, առաջին կուրսեցիներ, հարգելի ծնողներ և գործընկերներ,

2018-2019 ուսումնական տարեսկիզբը համախմբել է մեզ բոլորիս, որպեսզի մեր խոնարհումը բերենք կրթության, դպրության ու գիտության առջև, կարևորենք դրանց դերը մեր ժողովրդի և յուրաքանչյուր անհատի կյանքում, նշանավորենք ու արժևորենք որպես առկա և գալիք ձեռքբերումների հիմք ու նախապայման:
Իր զավակին ուսյալ ու բարեպաշտ մարդ տեսնելը յուրաքանչյուր ծնողի երազանքն է, իսկ սերունդների կրթությանը իր գործունեությունը նպատակաուղղող հաստատության համար դա մի վեհ նպատակ է, որն իրագործվում է ամենօրյա աշխատանքով, համախմբումով, որակյալ դասախոսների, աշխատակազմի ներգրավումով:
Մեր ուսանողությանը նոր ու արդյունավետ ուսումնառություն եմ մաղթում, նորանոր հաջողություններ, միաժամանակ ցանկանում եմ առանձնացնել այս տարի ընդունվածներին ու բարի գալուստ մաղթել նրանց: Իսկապես թող բառի ամենախոր ու լայն ընդգրկմամբ բարի լինի ձեր մուտքը մեր համալսարան, թող արդարացված լինի ձեզ ուղղված մեր գործունեությունը և դուք առավելագույնը քաղեք այս պատերի ներքո: Այսօրվանից դուք կրելու եք «ՀՊՏՀ-ական» կոչումը, և հուսով եմ՝ պատվով եք կրելու և փոխանցելու այն գալիք սերունդներին: Ինչպես լայնորեն մեր դռներն ենք բացել ձեր առջև, այնպես էլ մեր ներուժը և կրթական ողջ զինանոցը անմնացորդ ի սպաս ենք դնելու ձեր կրթության, դաստիարակության վեհ գործին:
Լա՛վ սովորեք, կրթվե՛ք, զարգացե՛ք ու դարձեք մեր համալսարանին, մեր երկրին արժանի մարդիկ:
Բարի երթ եմ մաղթում բոլորիդ:

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ