ՀՊՏՀ քոլեջում գիտելիքի տոն էր ու նորամուտ (լուսանկարներ)
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր հանդիսավորությամբ նշվեց Գիտելիքի օրը: Նորընծա ուսանողներին շնորհավորելու էին եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Իրենց սաների կողքին էին քոլեջի ղեկավարությունը՝ տնօրենի ժ/պ Նազելի Նավասարդյանը, փոխտնօրենները, ինչպես նաև դասախոսները, ուսուցիչները, աշխատակիցները: Հյուր էին նաև ՀՊՏՀ ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ:
Ուրախությամբ պետք է նշել, որ քոլեջի՝ միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթության ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը, մրցույթի բարձր շեմը և համալրումը վերստին փաստեցին, որ մեծ թիվ են կազմում ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում սովորել ցանկացող բարձր առաջադիմությամբ շրջանավարտները:
Գիտելիքի, գրի ու դպրության տոնի խորհուրդը կարևորելով՝ քոլեջի ուսանողներին իր խոսքը հղեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Շնորհավորելով քոլեջի նորանշանակ տնօրենին, դասախոսական կազմին, աշխատակիցներին և ուսանողությանը, շեշտադրելով գիտելիքի կարևորությունը մարդու կյանքում՝ նա նշեց. «Մոտակա ժամանակաշրջանում մենք կունենանք նոր մասնագիտական ծրագրեր, և քոլեջը կբարձրանա նոր որակական աստիճանի», այնուհետև քոլեջի այս տարվա ընդունելության մրցույթը չհաղթահարած դիմորդների ծնողներին տեղեկացրեց՝ սեպտեմբերի 3-ին նախարարությունը կկատարի արդյունքների վերաբաշխում, և քոլեջի տեղերը կավելանան, կունենան նոր ուսանողներ: Նախարարի տեղակալը շեշտադրեց, որ ուսումնական տարին քոլեջը սկսում է նոր ղեկավարով, որը իր նվիրված աշխատանքով արդեն իսկ քայլեր է ձեռնարկել ուսումնական հաստատությունը նոր որակի բարձրացնելու համար:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց բոլոր ներկաների Գիտելիքի տոնը և նշեց. «Գիտելիքը այն մեծ արժեքն է, որ յուրաքանչյուրը պետք է կրի իր մեջ: Ուսման տարիներն այն ժամանակահատվածն է, որ մարդը կենսաբանական հնարավորություն ունի գիտելիք կուտակելու, գիտելիքով օժտվելու: Ես ցանկանում եմ, որ այս պատերի ներքո դուք կրթվեք որպես Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ, կրեք ձեր մեջ համամարդկային ու ազգային լուրջ արժեքներ»: Քոլեջի սաներին ուղղված ռեկտորի շնորհավորանքի խոսքն ամբողջությամբ այստեղ:
Ողջույնի խոսք ասաց նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչ Արայիկ Ոսկանյանը, մաղթեց հաջողություններով, նվաճումներով, խինդով լի ուսումնական տարի, նշեց, որ կրթությունը մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն է, և նոր սերունդը պետք է դառնա հետևորդը կրթական ավանդույթների, ապա քոլեջին հրավիրեց համագործակցության:
Քոլեջի ղեկավար Նազելի Նավասարդյանը, դիմելով ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին, ասաց. «Մենք լիահույս ենք, որ այս հաստատությունում ձեր հետագա տարիները լի են լինելու նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռք բերմամբ, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվությամբ: Մեծապես գնահատում ենք, որ բոլոր միջին մասնագիտական քոլեջների մեջ ընտրել եք հենց այս հաստատությունը, քոլեջը, որը իր առջև հավակնոտ նպատակ է դրել վերածվելու մեր պետության օրինակելի և լավագույն կրթության օջախներից մեկը»: Նա հավաստիացրեց, որ քոլեջի անձնակազմը համախմբվելու և ներդնելու է իր ջանքերը՝ բարձրորակ կրթություն մատուցելու գործում:
Հանդիսավոր միջոցառման ավարտին քոլեջի տնօրենի խորհրդական Ռուբեն Առաքելյանը նույնպես շնորհավորանք հղեց, ուսանողներին հորդորեց կրթօջախը համարել երկրորդ ընտանիք և բարեխղճորեն իրականացնել ներքին կարգապահական կանոնները: Այնուհետև նա ընթերցեց նորեկների անունները և հրավիրեց նրանց լսարաններ՝ կուրսղեկների առաջնորդությամբ:
Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Գիտելքի տոնին քոլեջականներին նվիրեց «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ:
Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, մեր համալսարանում ուսումնական տարվա նորամուտը կնշվի սեպտեմբերի 3-ին, ժամը 9.00-ին, համալսարանի բակում: Մանրամասները՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին